Գլխավոր / Հայաստան / Փաշինյանը ռուսներին խորհուրդ տվեց մտածել սեփական պատմության մասին

Փաշինյանը ռուսներին խորհուրդ տվեց մտածել սեփական պատմության մասին

Ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Նովոռոսիա» գործակալության հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գարեգին Նժդեհի շուրջ առաջացած պատմական տարաձայնություններին և խոսեց պատմության նկատմամբ ընտրողական զգայունությունից։ Հարցուպատասխանը հատվածաբար՝ ստորև․

«Նովոռուսիա» գործակալության խմբագիր Ստանիսլավ Սմագին․ – Ռուսաստանցիների մեծամասնության համար Գարեգին Նժդեհը ոչ միանշանակ կերպար է, հայաստանցիների մեծամասնության համար՝ ազգային հերոս։ … Պարզ է, որ յուրաքանչյուր երկիր պատմության իր մեկնաբանությունն ունի, և դա միանգամայն նորմալ է։ Այդ մեկնաբանությունների միջև անհամապատասխանություններ կարող են լինել, և դա նույնպես նորմալ է։ Մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների պայմաններում նմանատիպ վիճելի հարցերը լավ կլինի միասին պարզել։ Օրինակ, կարելի է համատեղ հանձնաժողով ստեղծել՝ պատմաբաններից, հասարակական գործիչներից, քաղաքաբաններից կազմված, ովքեր խորքային օբյեկտիվ, երկկողմանի կուսումնասիրեն այս հարցը։ Մի խոսքով, կա՞ արդյոք հարցի լուծման այլ տարբերակ, քան չանդրադառնալը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան․ – Շնորհակալություն հարցի համար։ Անկեղծ ասած Ռուսաստանի հետ հարաբերություններում այս հարցին երբեք չէի հանդիպել։

… Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին․․․ Դուք խոսում եք համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Կարծում եմ տարօրինակ կլինի Ռուսաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել մեր սեփական պատմության ուսումնասիրման համար։ Մեր պատմության մեջ «Գարեգին Նժդեհ» անունը հայտնվել է Սարդարապատի ճակատամարտի հետ կապված։ Այդ մարտից հետո ստեղծվեց պատմության մեջ մեր առաջին հանրապետությունը՝ 1918 թվականին։ Ընդ որում, այդ նույն ճակատամարտին Նժդեհի հետ կռվել է նաև Հովհաննես Բաղրամյանը, ով ի վերջո Խորհրդային միության մարշալի կոչում է ստացել, երկակի հերոս է ճանաչվել։ Մեր պատմության մեջ Գարեգին Նժդեհն ու մարշալ Բաղրամյանը նույն ձևով են հայտնվել։

… Այժմ շատ է խոսվում Գարեգին Նժդեհի՝ Երրորդ Ռեյխի հետ շփումներ ունենալու մասին։ Եվ ի՞նչ։ Մոլոտովն էլ ինչ որ շփումներ ուներ Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ։ Եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք և հասկանանք ինչ է կատարվել, ինչ կար Ռիբենտրոպ֊Մոլոտով դաշինքի մոտ։ Ռուսաստանում ինչ որ մեկը դատապարտե՞լ է այդ գործողությունները։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսում ենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք։ Ի՞նչ է արել, ինչու՞, ի՞նչ համաձայնությունների է եկել։ Որևէ մեկն այդ համաձայնություններից տեղյա՞կ է։

Մեզ համար Գարեգին Նժդեհի ով լինելու հետ կապված հարցեր չկան։ Գարեգին Նժդեհն այն մարդն է, ով ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար։ Խոսե՞լ է նացիստների հետ։ Գուցե և խոսել է։ Բայց էլի եմ ասում, Մոլոտովն էլ է խոսել, Ստալինն էլ, շատ ուրիշներն էլ։ Եթե ուզում եք հավասարության նշան դնել նացիստների հետ շփվածների մեջ, ապա եկեք, եկեք Մոլոտովից էլ սկսենք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը սև էր ներկվել։ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը դեպքի մասին խոսելիս Նժդեհին «ֆաշիստների հանցակից» էր անվանել, ինչը մեծ վրդովմունք էր առաջացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների մոտ։

Tekali Taxi