Home / Հայաստան / Ռուսաստանը իրավունք ուներ կասկածելու, մենք կասկածվողի դիրքում էինք․ Փաշինյան

Ռուսաստանը իրավունք ուներ կասկածելու, մենք կասկածվողի դիրքում էինք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Փարիզում լույս տեսնող Nouvelle d’Arménie պարբերականին, որը օգոստոսի 31-ին թարգմանաբար հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքեջում։ Հարցազրույցում այլ խնդիրներից բացի, Փաշինյանը խոսել է նաև Ռուսաստանի, «արևմտյան» արժեքների, Իսրայել Օրու, Պետրոս Մեծի, Իրանի և Ամերիկայի մասին։ 

Nouvelle d’Arménie – Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ հակառակը։

Նիկոլ Փաշինյան – Հարցի ձեւակերպան այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։

Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի։

Nouvelle d’Arménie – Արդյոք հնարավո՞ր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, ինչպես ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը։

Նիկոլ Փաշինյան – Հիշենք Իսրայել Օրիին։ Նա սկսեց իր ճամփորդությունը Եվրոպայում։ Նա շրջեց եվրոպական մայրաքաղաքներում, ապա մեկնեց Ռուսաստան եւ իր ջանասիրության շնորհիվ՝ հաջողեց համոզել Ռուսաստանին միջամտել մեր տարածաշրջանի գործերին։ Այլ երկրներ եւս պատրաստ էին այդ դերը տանել, բայց տարբեր պատճառներով նման բան տեղի չունեցավ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։ Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։

Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետեւ մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի։ Դրանք մեր արժեքներն են, եւ մեր հեղափոխությունը դրա լավագույն ապացույցն է։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք իրականացրինք Եվրոպայի ամենաժողովրդական հեղափոխությունը։ Որովհետեւ ժողովրդավարությունը մեր գենետիկ արժեքն է։ Հայաստանի Առաջին Հանրապետության կանայք արդեն ունեին ընտրելու իրավունք, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում կանայք զուրկ էին դրանից։ Նույն Եվրոպայի սրտում կանայք չունեին այդ իրավունքը ընդհուպ 60-ական թվականներ։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ մենք ենք արտահանել այդ արժեքը Եվրոպա։

Nouvelle d’Arménie – Մենք ականատեսն ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցմանը։ Դա որեւէ վտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյան– Ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին իմ նախորդ պատասխաններից մեկում։

Nouvelle d’Arménie – Արդյոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտո՞ւմ են Հայաստանին։

Նիկոլ Փաշինյան – Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․

կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ։

Nouvelle d’Arménie – Իսկապե՞ս են հասկանում դա։

Նիկոլ Փաշինյան -Մեր վերջին շփումները ցույց են տալիս, որ այո։ Ինչը չի նշանակում, թե նրանց վերաբերմունքն այդքանով փոխվում է Իրանի նկատմամբ։

Nouvelle d’Arménie – Նրանք ճնշումներ գործադրո՞ւմ են Հայաստանի նկատմամբ այդ առումով։

Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ այս պահին նմանատիպ որեւէ ճնշման մենք ենթակա չենք։ Հայաստանը ճնշման ենթակա չէ՝ որպես Հայաստան, բայց մաս է կազմում միջազգային հանրության՝ լինելով Իրանին հարեւան երկիր։ Սրանով ուզում եմ ասել, որ չկա միատեսակ ու միաքար մոտեցում, եւ ես ուրախ եմ տեսնել, որ մեր ամերիկյան գործընկերները կարծես թե ըմբռնել են համատեքստի խորությունը, որում գտնվում է Հայաստանը։

 

Tekali Taxi