Home / Բանակ / Հոգեկան խնդիրներ ստացած զինվորներից շատերը պատմել են հրապարակային նվաստացման մասին․ Զոհրաբյան

Հոգեկան խնդիրներ ստացած զինվորներից շատերը պատմել են հրապարակային նվաստացման մասին․ Զոհրաբյան

Խորհրդարանանական Պետաիրավական հանձնաժողովը միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում երկու հոդված սահմանել՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը» և «Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը»։

Օրենսդրական փոփոխության հեղինակ, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ օրինագիծը կօգնի նվազեցնել ինքնասպանությունների թիվը․

«Բանակում այսօր ունենք բավական տխուր վիճակագրություն. ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների թիվն այսօր ավելի շատ է, քան թշնամու գնդակից զոհերի թիվը: Եթե նիստը փակ լիներ, ձեզ կներկայացնեի դեպքեր, երբ, ինչպես են փորձել զինվորի արժանապատվությունը նվաստացնել, հեռախոսով նրան ցույց են տվել իր ընտանիքի մի անդամի հետ կապված մի կադր։ Հիմա սա ո՛չ ծեծ է, ո՛չ բռնություն է, բայց զինվորը գնացել է և ինքնասպան եղել»։

Զոհրաբյանն ասաց, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ, զինծառայողների հետ զրուցելուց հետո, եկել է եզրահանգման, որ, թեև որոշակի փոփոխություններ են նկատվում, այնուամենայնիվ, նվաստացնելու ենթամշակույթը շարունակում է գործել։

«Ինչի՞ կեպկադ սենց չես դրել կամ կեպկայով ջուր ես խմել, և զինվորի գլուխը վերցրել և մտցրել են ծորակի մեջ։ Նա իրեն նվաստացած է զգացել, երբ իր զինակիցների ներկայությամբ իր հետ էդպես են վարվել։ Չեմ բացառում, որ մենք կունենայինք ինքնասպանության դեպք»։

Կանազի զինվորական հոսպիտալ այցելած պատգամավորը նաև տեղեկացրել է, որ հոգեկան խնդիրներ ձեռք բերած տասնյակ զինծառայողներից շատերը խոստովանել են, որ հրապարակային նվաստացման են ենթարկվել։ Հոսպիտալում 56 հոգեկան տարբեր խեղումներ ունեցող զինվորներ են գտնվում։ Ըստ Զոհրաբյանի՝ իր հետ առանձին զրույցներում տղաներից ոմանք պնդել են, որ իրենց հանդեպ հրապարակային նվաստացում է տեղի ունեցել․ «Իրենք մի բան պետք է անեին՝ կամ պիտի վերցնեին զենքը և գնդակահարեին իրենց նվաստացնողին, որը չեն արել, և դա հատկապես բերել է խորացված սթրեսի, խորացված սթրեսը կարող է բերել ինքնասպանության փորձի»։

Խորհրդարանական բոլոր ուժերը, ինչպես նաև կառավարությունը կողմ արտահայտվեցին զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու առաջարկին։

Tekali Taxi