Home / Դատարան / Տղամարդը կդատվի նախկին կնոջ անձնական նկարներն ու հաղորդագրությունները տարածելու համար

Տղամարդը կդատվի նախկին կնոջ անձնական նկարներն ու հաղորդագրությունները տարածելու համար

Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչը, դատարանի դատավճռով ամուսնալուծված լինելով Երևան քաղաքի բնակչուհու հետ, 2018թ. դեկտեմբերի սկզբին, իրենց անչափահաս երեխայի բջջային հեռախոսում տեսնելով, որ իր նախկին կնոջ՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջի գաղտնաբառը պահպանված է, առանց վերջինիս թույլտվության, կայքէջում գտնվող անձնական հաղորդագրություններից պատճենահանել է նրա կիսամերկ լուսանկարները և հաղորդագրությունները և պահել իր մոտ:

Այնուհետև՝ նույն ամսին, 33-ամյա տղամարդը համացանցի «Վայբեր» հավելվածի միջոցով նշված լուսանկարները և հաղորդագրություններն ուղարկել է նախկին կնոջ եղբորը և քրոջը՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխավորված հաղորդակցության ազատության և գաղտնիության, ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանության անօտարելի իրավունքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Tekali Taxi