«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը կատարվելիք փոփոխություններից հետո կարող է օգտագործվել մամուլի ազատությունը սահմանափակելու նպատակով։ Այսօր Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Մինչև այս օրենքն այն, ինչ արգելված չէր օրենքով, համարվում էր թույլատրված: Բայց սա ստիպում է մտածել, որ այն, ինչ թույլատրված չէ օրենքով, համարվելու է արգելված: Այս թնջուկը հնարավոր կլիներ բացել, եթե մենք հստակ գրեինք, թե անձնական տվյալը որն է: Շատ տարածական ձևակերպում է տրվում։ Օրինագծում նշված է, որ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ։ Բայց չափանիշը ո՞րն է», – ասել է Փաշինյանը՝ հարց բարձրացնելով՝ արդյոք, օրինակ, քաղաքացու հեռախոսահամարը անձնական տվյալ է։ Մասնավորապես, դա օրենքում նշված չէ, ինչը նշանակում է, որ հեռախոսահամարը կարող է փոխանցվել տարբեր կազմակերպությունների։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ օրենքում կան սողանցքներ՝ հայտարարելով, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Օրինագծին դեմ է արտահայտվել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ասել է, որ դա օրենք է, որով հնարավոր է լինելու անձնական տվյալներն երրորդ անձանց կամ երրորդ երկրին փոխանցել։
Նրա խոսքով՝ մինչ նման օրենքի ընդունումն էլ Հայաստանում ոտնահարվում էր Սահմանդրությունը, և իշխանության կողմից իրականացվում է տոտալ գաղտնալսում և լրտեսում՝ հիշեցնելով իր և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնազերծումը: Զուրաբյանը վստահեցրել է, որ պետությունը խտրական մոտեցում է ցուցաբերելու քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցին և այդ տվյալներն օգտագործելու է իր ընդդիմախոսների դեմ։
Քննարկումից հետո 67 կողմ, 24 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նշենք, սակայն, որ քվեարկության ժամանակ ԱԺ ցուցատախտակը ցույց է տվել 65 կողմ ձայն, որի դեպքում օրենքն ընդունված չէր համարվի։ ԱԺ նիստը նախագահող Գալուստ Սահակյանը որոշել է կրկին հաշվարկ կատարել:
«Արագությամբ ձեռք բարձրացրեք, որ կարողանամ հաշվարկել»,- ասել է նա, որից հետո ասել է, որ օրինագիծը 67 կողմ է հավաքել։
Նմանատիպ օրինագիծ Կառավարությունը քվեարկության էր դրել նաև նախորդ նստաշրջանում, որի քվեարկությունը, սակայն, տապալվել էր: 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը չէր ընդունվել։
Ավելի վաղ օրինագծի քննադատությամբ էին հանդես եկել նաև տարբեր հասարակական կազմակերպություններ: Մասնավորաբար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր, որ առաջարկվող նախագիծը միասնական համակարգի տեսլական չունի՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որոնք անձի վերաբերյալ տվյալներն ամբողջությամբ հավաքում են մեկ կենտրոնում և անհրաժեշտության դեպքում պետական մարմիններն օգտվում են այդ կենտրոնից: Ըստ Հարությունյանի՝ միասնական համակարգի կարևորությունն այն է, որ անձը կկարողանա ավելի պատշաճ ու համակարգված վերահսկողություն իրականացնել, թե որ պետական մարմինն իր մասին ինչ տվյալ է մշակել կամ մշակում, ինչը տվյալ օրինագծում արտացոլված չէ: