Home / մարտի-1 / Մարտի 1-ի գործով Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ նա Մոսկվայում դասընթաց է վարում

Մարտի 1-ի գործով Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ նա Մոսկվայում դասընթաց է վարում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, հայտնում է Հատուկ Քննչական ծառայությունը(ՀՔԾ)։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով ստացել է մեղադրյալի կարգավիճակ։ ՀՔԾ-ն նրան 48 ժամ ժամանակ էր տվել՝ քննչական ներկայանալու համար։ Կոստանյանը ՀՔԾ չներկայանալու իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ գտնվում է Մոսկվայում և դասընթացներ է վարում, կվերադառնա՝ դասընթացն ավարտելուց հետո։

Ինչ հոդվածով/հոդվածներով է Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ, ՀՔԾ-ն չի պարզաբանում։ Մեղադրանքը, հավանաբար, կապված է գործողությունների հետ, որոնք մանրամասնորեն ներկայացված էին Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիականպետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Կոստանյանը առանցքային դերակատարություն է ունեցել 2008-ի մարտից հետո բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից տեղի ունեցածի վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու, ապացույցներ թաքցնելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում։

Հաղորդագրությունում ասված է՝ 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը՝ դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

Ըստ ՀՔԾ-ի, այս պաշտոնյաները թաքցրել են զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

Բացի այդ, ՀՔԾ-ի հաղրոդմամբ, Կոստանյանը և Մհերյանը մի խումբ բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ Ալիկ Սարգսյանի և Մարտի 1-ի գործը ժամանակին քննող մարմնի միջոցով պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։ Այսինքն իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ։

Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Հայաստանի ոստիկանության վարչական շենք և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարությամբ խորհրդակցություն անցկացրել։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ սկսել են կատարել այդ հանձնարարությունները։

Դրանից հետո 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։ Այդ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերը հետագայում տրամադրվել են Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փորձագետների փաստահավաք խմբին, Մարտի 1-ի վարույթն իրականացնող մարմնին։

Բացի այդ, ոստիկանության գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր այն մասին՝ իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

2008 թվականի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Հիշեցնենք, որ բացի Կոստանյանից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում ևս 3 հայաստանցի հետախուզվող պաշտոնյա կա, որոնցից երկուսը անցնում են Մարտի 1-ի գործով։ Խոսքը քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին է: