Հատուկ Քննչական ծառայության սեպտեմբերի 26֊ին տարածած հաղորդագրությունում հիշատակված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Կոստանյանը կանչվել է հարցաքննության։ Կոստանյանը, սակայն, արտերկրում է, ինչի պատճառով հարցաքննության չի ներկայացել, բայց խոստացել է առաջիկա օրերին ներկայանալ, հայտնում են ՀՔԾ-ից։
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Կոստանյանը առանցքային դերակատարություն է ունեցել 2008-ի մարտից հետո բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից տեղի ունեցածի վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու, ապացույցներ թաքցնելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Մեղադրանքում խոսք է գնում նաև բարձրաստիճան ոստիկանների մի խորհրդակցության մասին, որտեղ ցուցումներ են տրվել մարտյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցածը պարտակելու և թաքցնելու վերաբերյալ։
Ըստ մեղադրանքի, 2008-ի մայիսի 29-ին ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը կատարել է 2008-ի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և մինչև հուլիսի 2-ը նախագահի օգնական, այնուհետև փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հանձնարարությունը՝ թաքցրել է Զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ոստիկանությունում անցկացված խորհրդակցությանը ներկա էին Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը:
Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության կողմից իրականացրած գործողություններին:
Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը և պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
Բացի դրանից, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: Բացի այդ, Գեղամ Պետրոսյանին հրահանգ է ստացել համագործակցել մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և դեպքի վայրից հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:
Ալիկ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունել։
Գևորգ Կոստանյանի հանդես է եկել նամակ֊հայտարարությամբ՝ հերքելով իրեն վերագրվող արարքների կետ իր առնչությունը։ Նշենք, որ Գևորգ Կոստանյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։
Գևորգ Կոստանյանը 2008-ից մինչև 2011 թվականները զբաղեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի, 2011-ից 2013 թվականները՝ զինվորական դատախազի, իսկ 2013-ից 2016 թվականները՝ Գլխավոր դատախազի պաշտոնները: 2017 թվականին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Նախկին ոստիկանապետ Գևորգ Մհերյանը, ով հիշատակվում է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ որպես Կոստանյանի մեղսակից, սպանվել է 2009 թվականին: