Home / Բանակ / Բանակցությունների նախօրեին Մամեդյարովը խոսել է փակուղու մասին

Բանակցությունների նախօրեին Մամեդյարովը խոսել է փակուղու մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղում են։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս վիճակը ոչ մի տեղ չի տանում», – ասել է Մամեդյարովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։ Մամեդյարովը նշել է, որ հակամարտությունը պետք է փուլ առ փուլ լուծվի․ «Առաջին հերթին, բանակը պետք է զորանոց վերադառնա՝ դաշտում գտնվելու փոխարեն։ Հետո արդեն կարելի է մտածել փախստականների վերադարձի, տնտեսական հնարավորությունների ու ճանապարհների արգելափակումների վերացման մասին»։

Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հակամարտության կարգավորման քայլերը․ «Մենք հասկանում ենք, որ ինչքան էլ բարդ չլինի, փոխզիջման հնարավորություն կա»։

Լավրովը նշել է, որ նախկին Խորհրդային միության տարածքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաձգձգվողներից է․ «Մենք շնորհակալ ենք կողմերին, որ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի առաջարկություններին որպես Մինսկի խմբի համանախագահ»։

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը կհանդիպեն Բրատիսլավայում։ Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ 26-րդ նախարարական կոնֆերանսի շրջանակներում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Մամեդյարովն ու Մնացականյանը 2019 թվականի ընթացքում արդեն հանդիպել են չորս անգամ․ հունվարի 16-ին Փարիզում, ապրիլի 15-ին Մոսկվայում, հունիսի 20-ին Վաշինգտոնում և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ Բրատիսլավայի հանդիպումը հինգերորդը կլինի վերջին մեկ տարվա ընթացքում։

Tekali Taxi