Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով պարտավորեցնում է Հայաստանին 242,000 եվրո վճարել 22 Եհովայի վկաներին, որոնք 2012 թվականին դատապարտվել են զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար։
Գործը հարուցվել է 2012 թվականին զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտված Սերգեյ Աղայանի և ևս 21 հայտատուների դիմումների հիման վրա։ Դատարանը հաստատել է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են հայտատուների իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով (Մտքի, խղճի և կրոնի ազատություն):
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեքամսյա ժամկետում հայտատուներից յուրաքանչյուրին վճարել 10 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 1000-ական եվրո (պահանջվող 2000 եվրոյի փոխարեն)՝ որպես դատական և այլ ծախսերի փոխհատուցում: