հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Կանանց ղեկավարած երկիրը

Կանանց ղեկավարած երկիրը

34-ամյա Սաննա Մարինը շուտով կդառնա աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անտի Ռինեի հեռացումից հետ նա կգլխավորի Ֆինլանդիայի կառավարությունը։ Անտի Ռինեն հրաժարական էր ներկայացրել Ֆինլանդիայի փոստային ծառայության աշխատակիցների մասշտաբային գործադուլից հետո։

Սաննա Մարինի թեկնածությունը ներկուսակցական քվեարկությամբ պաշտպանել են կիրակի՝ դեկտեմբերի 8-ին։ Այժմ նա զբաղեցնում է Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը։

Մարինը վարչապետի լիազորությունները կստանձնի այս շաբաթ։ Այս պահի դրությամբ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը Ուկրաինայի կառավարության ղեկավար Ալեքսեյ Գոնչարուկն է (35 տարեկան), կանանց շրջանում՝ Նոր Զելանդիայի վարչապետ 39-ամյա Ջասինդա Արդերնը։

Սաննա Մարինը կդառնա Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած երրորդ կինը։

«Չեմ մտածում տարիքիս կամ գենդերիս մասին։ Ավելի կարևոր է այն ամենը, հանուն ինչի ես քաղաքականությամբ եմ զբաղվում, և այն, ինչ մենք պետք է անենք ընտրողների վստահությանն արժանանալու համար», – ասել է նա։

Ֆինլանդիայի հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիայի բոլոր առաջնորդները կանայք են, որոնցից չորսը՝ 35 տարեկանից փոքր։ «Ձախ միավորումը» ղեկավարում է 32-ամյա Լի Անդերսոնը, «Կանաչ միության» առաջնորդի պաշտոնում այս տարվա հունիսից 34-ամյա Մարիա Օհիսալոն է։ «Ֆինլանդիայի շվեդական ժողովրդական կուսակցությունն» արդեն 3.5 տարի ղեկավարում է 55-ամյա Աննա֊Մայա Հենրիքսոնը, իսկ «Կենտրոն» կուսակցության ղեկավարը 32-ամյա Քաթրի Կուլմունին է։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, շուտով կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ի՞նչ է հայտնի Սաննա Մարինի մասին

ԶԼՄ֊ներում շրջանառվող տվյալների համաձայն, Սաննա Մարինը մեծացել է միասեռ ընտանիքում․ ապագա վարչապետին մեծացրել է մայրն ու նրա զուգընկերուհին։ Ընտանիքն ապրել է վարձակալված բնակարանում։ Մարինը պատմում է, որ մայրն աջակցել է իրեն ամեն ինչում և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ։

Սաննա Մարինն իրենց ընտանիքում առաջինն է, որ բարձրագույն կրթություն է ստացել։ 27 տարեկանում զբաղեցրել է Տամպերե քաղաքի ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնը, իսկ 2015 թվականին դարձել խորհրդարանի պատգամավոր։ Այս տարվա հունիսից զբաղեցնում է Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը։ Ունի 1 տարեկան 10 ամսական դուստր։

Ինչպիսի՞ վարչապետ կլինի

Հազիվ թե կարելի է Ֆինլանդիայի քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ սպասել Մարինի ղեկավարության շրջանից․ հինգ կուսակցություններից կազմված կոալիցիան արդեն համաձայնեցրել և հաստատել է քաղաքական ծրագիրը։

Սաննա Մարինին վարչապետի պաշտոնում նախորդած Անտի Ռինեն, ով նախարարների գրասենյակը գլխավորել է մոտ կես տարի, ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ պետական փոստային ծառայության աշխատակիցների գործադուլի շուրջ առաջացած սկանդալի պատճառով։