ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
ՔԿ֊ի փոխանցմամբ՝ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, 2019 թվականի օգոստոսի 30-ին Գյումրի քաղաքի 20-ամյա բնակչուհին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018 թվականի սեպտեմբերին ծնված մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, այնուհետև երեխային բնակարանից տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: