Home / Մարզեր / Վրաստանում քննիչին բերման են ենթարկել անչափահասի ինքնասպանությունից հետո

Վրաստանում քննիչին բերման են ենթարկել անչափահասի ինքնասպանությունից հետո

15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան դեպքի հետ կապված բերման է ենթարկվել Դիդուբե֊Չուգուրեթի ոստիկանական բաժանմունքի քննիչ Մարինա Չոլոյանը։ Մեղադրանքը լսելուց հետո նա վատ է զգացել և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։

Չոլոյանը զբաղվում էր «Կանաչ դպրոցի» միջադեպի քննությամբ։ Դեկտեմբերի 10-ի գիշերը դպրոցի ներսի և դրսի պատերին մի քանի տասնյակ գրառումներ էին հայտնվել՝ «Գրողի ծոցն էս կյանքը, դրա մերը», «Փորձեք բռնել ինձ», «Hot Shot», «Fuck the Law» և այլն։ «Կանաչ դպրոցի» ադմինիստրացիան ոստիկանություն էր դիմել։ Պարզվել էր, որ գրառումների հեղինակը դպրոցի նախկին աշակերտ, 15-ամյա Լուկա Սիրաձեն է։

Սիրաձեն դեկտեմբերի 11-ին ինքնասպանության փորձ էր արել ու տեղափոխվել հիվանդանոց։ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, 15-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ։

Նովոստի֊Գրուզիան գրում է, որ այսօր Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Գորիում, Զուգդիդում, Ռուսթավիում եւ Քութաիսում, բողոքի ակցիաներ են ընթանում։ Մայթերին ու շենքերի վրա «Գրողի ծոցն էս կյանքը, դրա մերը», «Երազանքը սպանում է», «Համակարգը նեխել է» գրություններ են հայտնվել։ Ներքին գործերի նախարարության մոտ ցույցերը սկսվել են երեկ երեկոյան։ Այսօր առավոտվանից բողոքի ակցիաներ են կազմակերպվում նաև խորհրդարանի, Պետական գրասենյակի, «Կանաչ դպրոցի» շենքի մոտ։ Որոշ դեպքերում հանրահավաքներն ավարտվել են ոստիկանության հետ ընդհարումներով․ ցույցի մասնակիցներին թույլ չէին տալիս գրառումներ կատարել պետհաստատությունների շենքերին ու հարակից տարածքներում։

«Քննչական տեսչության աշխատակիցները հոգեբանական բռնության միջոցով փորձում էին անչափահասին ստիպել խոստովանական ցուցմունք տալ հանցագործության վերաբերյալ, որն իրենք քննում էին։ Սպառնում էին, որ նրա եղբայրը կարող է խնդիրներ ունենալ, իսկ ինքը դեռ երկար ժամանակ բանտում կանցկացնի», – հայտնում է Երիտասարդ իրավաբանների ասոցացիան, որը զբաղվում է 15-ամյա դպրոցականի իրավունքների պաշտպանությամբ։

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Լուկան Սիրաձեն մոր հետ ոստիկանական բաժանմունք էր ներկայացել, որտեղ մնացել են մոտ վեց ժամ։ Այդ ընթացքում Սիրաձեն երկու անգամ իրավապահների հետ առանձին է մնացել։ Առաջին անգամ 20 րոպեով՝ երբ մորը խնդրել էին տնից որոշ փաստաթղթեր բերել։ Երկրորդ անգամվա մասին պատմում է անչափահասի եղբայրը․ «Քննիչը եղբորս հետ ագրեսիվ էր խոսում։ Եղբայրս ագրեսիվ պատասխանում էր։ Մայրս անհանգստանում էր, որ նա այդպես է խոսում քննիչի հետ ու փորձում էր հանգստացնել։ Ինչ որ պահի քննիչը սկսել է վիրավորական արտահայտություններ ասել եղբորս հասցեին։ Աղմուկի վրա ոստիկանության այլ աշխատակից է եկել ու եղբորս կողքի սենյակ տարել։ Այդտեղից նա վերադարձել է լացած վիճակում, խնդրել է շտապ օգնություն կանչել։ Քննիչ Մարինա Չուլոյանն ասել է, որ կկանչի երբ ինքը հարմար կգտնի»։

Հաջորդ հարցաքննությունը կատարվել է հաջորդ օրը առավոտյան։ Վերադառնալուց հետո Լուկա Սիրաձեն մորն ասել է, որ այլևս տուն չի գալու և փախել է։ Մայրն անմիջապես զանգել է Նարինա Չոլոյանին և օգնություն խնդրել։ Քննիչը խնդրանքը մերժել է։

Ներքին գործերի նախարարությունը գրեթե ամբողջությամբ հերքում է այս ամենը։ Ընդունում են միայն անչափահասի հետ կարճ ժամանակով առանց մոր ներկայության խոսելու փաստը․ «Մենք հաստատում ենք, որ մոտ 3-4 րոպե Դիդուբե֊Չուգուրեթի ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալը առանձին զրուցել է անչափահասի հետ։ Դա տեղի է ունեցել մինչև հարցաքննությունը և միայն մեկ նպատակ է ունեցել․ վերացնել լարվածությունը, երբ մոր և որդու մեջ տարաձայնություններ էին առաջացել։ Անչափահասի հետ շփումը տևել է 3-4 րոպե»։

Երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավաբան, Լուկա Սիրաձեի փաստաբան Ռևազ Աչարաձեի խոսքով, իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրավունք չունեին անչափահասի հետ առանձին խոսել ոչ երեք րոպե, ոչ երեք ժամ, ոչ տասը վայրկյան։