Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել «Դաշնակցությանը» և Տեր֊Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել «Դաշնակցությանը» և Տեր֊Պետրոսյանին

«Ամբողջությամբ փակեցինք էդ ճանապարհները, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, ով, մասնավորապես, հայտնել է ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի մասին։

Դրանք վերաբերում էին ո՛չ միայն մարտի 1-ին, այլև պետության անվտագության հետ կապված շատ հարցերի, ասել է Բարսեղյանը․

«2005 թվականից սկսած ԱԱԾ առջև խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի՝ աստիճանաբար, Ռոբերտ Քոչարյանից իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին։ Բայց դա պետք է արվեր այնպես, որ իշխանության փոխանցման ընթացքում երկրի տնտեսական, քաղաքական զարգացման և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը կարողանար իր պայմանավորվածություններն ապահովել։ Իսկ դրանք շատ բարդ և վտանգավոր էին երկրի համար։

Մենք գաղտնալսում էինք և օպերատիվ֊հետախուզական ամբողջական աշխատանք էինք իրականացնում երկրին վերաբերող խնդիրների առնչությամբ։ Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստացվում, օրինակ, ԱՄՆ-ի դեսպանատանն աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված և որտեղ հավաքվում էին ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես, քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը և փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։

Նրանք իրենց բոլոր զեկույցներում՝ սկսած 2008 թվականից Սերժ Սարգսյանի ընտրվելուց, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։ Ֆինանսական յուրացումների և, ընդհանրապես, երկրում սահմանափակման առնչությամբ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն այնքան էր մեծացել, որ ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային կառույցներն ուղղակի աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին:

Գաղտնի բոլոր զեկույցներում, որոնք ընթացքում մենք գաղտնալսում էինք, նրանք զեկուցում էին իրենց ղեկավարությանը, կոնկրետ՝ Կենտրոնական հետախուզության վարչությանը և ԱՄՆ մյուս ղեկավարներին, որ Հայաստանը հետընթաց է ապրում և անհրաժեշտ է Հայաստանին պատժել։

Հայաստանի համար սահմանափակվեցին ֆինանսական անհատույց հնարավորությունները, փակվեց «Հազարամյակների մարտահրավեր» ծրագիրը, ֆինանսական եվրոպական կառույցները փակեցին Հայաստանին անհատույց ֆինանսական բոլոր հնարավորությունները, թողեցին միայն վարկեր։

Սրա վերաբերյալ մենք զեկուցում էինք, բայց Սերժ Սարգսյանը ոչինչ չէր անում։
Էս ամբողջը նախապատմություն ունի․ դեռ Սերժ Սարգսյանի իշխանությունից առաջ Ազգային անվտանգության ծառայությունն արգելափակեց արտերկրի կողմից օժանդակվող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։

Օրինակ, մենք գաղտնալսեցինք և արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը [Բրիտանիայի փոխդեսպան] Ռիչարդ Հայդի հետ՝ գաղտնալսում իրականացնելով։ Արգելափակեցինք Սամվել Բանայանի գործունեությունը, որը ռուսների օժանդակությամբ էր փորձում որոշակի հարցեր լուծել՝ կապված նաև Արցախի հետ։ Մենք սահմանափակեցինք Արամ Կարապետյան կոչվող քաղաքական գործչի գործունեությունը, որը փորձում էր՝ ռուսական կողմի օժանդակությամբ, Հայաստանում ներքաղաքական գործոն դառնալ։ Մենք սահմանափակեցինք 2007 թվականին Ալիկ Արզումանյանի կողմից հեղափոխության նախապատրաստումը, որը կոչվում էր «Ցախավելների հեղափոխություն» և ֆինանսավորվում Մոսկվայից՝ Սրետինկայի Լյովա կոչվող, Հայրապետյան Լյովա կոչվող բիզնեսմենի կողմից, որը ռուսական քաղաքական և տնտեսական շրջանակների կողմից հովանավորվում էր։ Մենք արգելափակեցինք Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը։

Ամբողջությամբ, մի խոսքով, փակեցինք էդ ճանապարհները, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության։

Ես ձեզ պաշտոնապես ասում եմ․ մեր բոլոր գաղտնալսումների և օպերատիվ հետախուզական աշխատանքի ընթացքում տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է հողերի հանձնում իրականացնել Արցախում, մասնավորապես, Արցախը շրջապատող ազատագրված 5 տարածքների մասին է խոսքը՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը և Կուբատլուն։

Ըստ ստացվող տվյալների՝ Սարգսյանը պատրաստվում էր, ամերիկյան կողմի հանձնարարությամբ և համաձայնությամբ, այդ տարածքները հանձնել՝ փոխզիջման դիմաց, ըստ իրենց՝ փոխզիջման դիմաց, և ամերիկացիները փորձում էին Հայաստանում ներդնել 3 միլիարդ անհատույց գումար։

[ՀՀ նախկին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն] Գորիկ Հակոբյանի տեղեկատվությամբ՝ մենք ժամանակին ստացանք տվյալներ, որ Սերժ Սարգսյանը փորձել է հողերի հանձնման առնչությամբ բանակցություններ վարել Ջո Բայդենի և Բարակ Օբամայի հետ։ Այդ հանդիպումների վերաբերյալ սղագրությունները կային Գորիկ Հակոբյանի մոտ, նա դրանց վերաբերյալ ինձ ասել ա։ Ես կարծում եմ, որ էդ սղագրությունները պահեց իր մոտ ու տենց էլ ոչնչացրեց՝ չթողնելով իր հետնորդներին։

Երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր երկիրը, նրա գործունեության վերաբերյալ՝ կոնկրետ Արցախի հարցում, բավականին լուրջ դժգոհություն առաջացրեց «Դաշնակցության» շրջանում և բավականին լուրջ դժգոհություններ առաջացավ նաև Լևոն Տեր֊Պետրոսյանի ղեկավարած շարժման ընթացքում։

Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել և՛ «Դաշնակցությանը», և՛ Լևոն Տեր֊Պետրոսյանին։ Լևոն Տեր֊Պետրոսյանին, ըստ ստացվող տեղեկատվությունների, առաջարկել էին 10 միլիոն դոլար, որպեսզի Լևոն Տեր֊Պետրոսյանն ընդհանրապես լռի։ «Դաշնակցությունն» էդ գումարներն ստացավ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չէր վերցրել։

Երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ ընդհանրապես ներքաղաքական աջակցություն չի ստանում, փորձեց արդեն արտաքին աշխարհի միջոցով էդ հարցերը լուծել։ Ռուսական կողմը հակազդեց ամերիկյան կողմին, և էդ հակազդեցության շնորհիվ արցախյան հիմնահարցի՝ Սերժ Սարգսյանի ազգադավ ծրագիրը փակուղի մտավ։

Երբ մենք 2010 թվականին ռուսական ՖՍԲ֊ի հետ անցկացնում էինք մեր ամենամյա հանդիպումները, կար այդպիսի հարց՝ ռուսական գեներալիտետի ներկայացուցիչներն ինձ ասեցին, որ ռուսական բարձրագույն ղեկավարությունը դժգոհ է Սերժ Սարգսյանի գործունեությունից՝ կապված Արցախի հետ։

Ես դրա վերաբերյալ 12-թերթանոց հույժ գաղտնի տեղեկանք էի ներկայացրել Գորիկ Հակոբյանին, նա դա զեկուցել էր Սերժ Սարգսյանին, բայց վերադարձրել են, թե՝ ոչ, իրենք գիտեն արդեն։ Թե ի՞նչ է արել Գորիկ Հակոբյանն այդ փաստաթղթերի հետ, ցույց կտա, եթե անհրաժեշտություն լինի, ծառայողական քննությունը»։

Tekali Taxi