Home / Ապատեղեկատվություն / Ըստ քաղաքապետի խոսնակի, Մարությանի դեմ վարույթը հիմնվում է զրպարտանքի վրա

Ըստ քաղաքապետի խոսնակի, Մարությանի դեմ վարույթը հիմնվում է զրպարտանքի վրա

«Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածի լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք՝ փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։ Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված եւ ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ», – ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթին, այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանն ընդգծել է՝ դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին։

 

Ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնել էր Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին։

Հանձաժողովի որոշման համաձայն, «2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ տնօրինել է նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ն»։

Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ, և կայացրել վարույթ հարուցելու մասին որոշում։

Հանձնաժողովը 90-օրյա ժամկետում կուսումնասիրվեն գործի հանգամանքները և որոշում կկայացնի։