ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Բժիշկները նրա առողջական վիճակը կայուն ծանր են գնահատել, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո։
Դատախազության նախաձեռնության հրավիրված արտահերթ նիստում քննվեց ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետն դատարանում հայտարարեց, որ Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, զրուցել նրա և նրա փաստաբանների հետ:
2019-ի հոկտեմբերին հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում նրա՝ դատական նիստերին ներկա գտնվելուն։ Ըստ եզրակացության՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այժմ, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում, ինչն անհամատեղելի է կալանքի հետ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն անազատության մեջ է ավելի քան 1.5 տարի։