էջմիածնի Ջրօգտագործման ընկերության (ՋՕԸ) վարչության անդամները և շահառուները բողոքում են, իրենց որակմամբ, անօրինական որոշման դեմ։ Վերջիններս ներքին կարգով իմացել են՝ վարչությունը լուծարվել է։ Նրանք հավաքվել են Էջմիացծնի ՋՕԸ-ի շենքում ու քննարկում են հետագա անելիքները։ ՋՕԸ են եկել նաև լուծարման որոշման դեմ բողոքող ջրօգտագործողները։
«Ուզում էին, որ իրենց քաղաքական թիմի անդամն աշխատի»
Վարչական խորհուրդը ձևավորվել է մոտ մեկ տարի առաջ։ Տնօրեն Սամվել Համբարձումյանը, ով աշխատանքի է ընունվել 2019 թվականին, Արմնյուզին տրված հարցազրույցում նախ ասում է, որ լուծարման որոշման մեջ քաղաքական դրդապատճառներ չկան, հետո պնդում՝ խնդիրը կապված է իր անձի հետ։
Համբարձումյանի խոսքով, Ջրային կոմիտեի փոխտնօրեն, ՔՊ-ական Հարություն Գուլյանը «առաջարկել է» իրեն ազատվել աշխատանքից և ասել՝ ուզում են, որ տնօրենի պաշտոնում իրենց քաղաքական թիմի անդամն աշխատի։
Լրագրողը հարցնում է՝ հնարավո՞ր է արդյոք, որ ազատման և լուծարման պատճառը գյուղատնտեսության սեզոնի ընթացքում ՋՕ֊ի հետ կապված խնդիրներն ու թերացումները լինեն։ Նախկին տնօրեն Համբարձումյանը հա՛մ համաձայնում է, որ խնդիրներ ու թերացումներ եղել են, համ էլ պնդում, որ «ո՛չ, որևէ չարաշահում չկա, որևէ ստուգում չի արվել»։
Նրա հետ համակարծիք են նաև լուծարված վարչության անդամները։
«[Ջրային կոմիտեն] մեզ դատում ա, մեզ մեղադրում ա ինչ֊որ թերությունների մեջ։ ․․․ Բայց եթե խնդիրը տնօրենի հետ է, որը որ մենք զգում ենք, որ իսկապես իրանք մեր տնօրենի հետ խնդիրներ ունեին՝ չգիտեմ անձնական, թե քաղաքական, թո՛ղ գան ասեն ձեր տնօրենը չի համապատասխանում «Էջմիածին» ՋՕ տնօրեն լինելուն, ինքը կոռուպցիոներ ա, ինքը հիվանդ ա, ինքը հարամ ա, ինքը սխալ մարդ ա», – ասում է վարչության անդամներից մեկը՝ ընդգծելով, նման պայմաններում ինքն իրեն լուծարված չի զգում։
Նրա խոսքերով, խորհրդի անդամների նպատակը կառույցը անօրինականություններից զերծ պահելն է, բայց «հիմա էդ անօրինությունը վերևից ա գալիս, առանց դատարանի սամասուդ են անում»։
«Էս մարդը հազար տարվա փակված հորեր ա բացել, ի՞նչ եք ուզում, ուզում եք հավասար լափե՞ք սաղդ»,- իշխանություններին է դիմում ջրօգտագործողներից մեկը։ Նրա խոսքերով, նախարարությունը լուծարում է այս վարչությունը, բայց աչք է փակում այն ՋՕԸ-ի թերացումների վրա, որոնք ղեկավարվում են նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմների կողմից։
Պարոն Գուլյանի ցանկությո՞ւնն է, թե՞ ցանկությունը չէ
Ջրային կոմիտեի փոխնախագահ Գուլյանը բողոքող ջրօգտագործողների հետ հանդիպմանը ասաց, որ կոմիտեն գործել է օրենքին համապատասխան․ կոմիտեն վարչական խորհուրդին առաջարկել է հրավիրել ներկայացուցիչների ժողով՝ վերջին մեկ տարվա ընթացքում կուտակված խնդիրները քննարկելու համար։ Ըստ ընթացակարգի, խորհուրդը 30 օրվա ընթացքում պետք է ժողով հրավիրեր, ինչը չի արել։ Դա հիմք է հանդիսանում խորհուրդը ցրելու և ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։
Նրա խոսքով, գալիք ընտրություններում ջրօգտագործողների ներկայացուցիչները հնարավորություն կունենան նույն մարդկանց նորից նշանակել նոր վարչական խորհրդի անդամ։ Իսկ այդ մարդիկ, եթե ընտրվեն, հնարավորություն կունեն ընտրել տնօրենի։
Գուլյանը հանդիպեց նաև լուծարված խորհրդի անդամների և նախկին տնօրեն Սամվել Համբարձումյանի հետ։
Համբարձումյան․ ― Պարոն Գուլյանի ցանկությունն ա արդեն հինգ ամիս ինձ ստեղից ազատել։
Գուլյան․ ― Պարոն Գուլյանի ցանկությունը չի։
― Պարոն Գուլյանի ցանկությունն ա։
― Պարոն Գուլյանի ցանկությունը չի։
― Իմ մոտ փաստերով կա ամեն ինչ։
… Ինձ չե՞ք ասել՝ ազատվի, գնա։
― Ես առաջարկել եմ [տեղափոխվել] Մելորացիայի [բաժին], որովհետև մելորացիայում նախկինում աշխատել եք։
― Պարոն Գուլյան, դուք ինձ առաջարկել եք Մելորացիայի տնօրեն, հետո ասել եք, որ նախարարը ուրիշ մարդ ունի էնտեղ։
― Չէ՛, փոխտնօրեն։
― Փոխտնօրենի համար խոսակցությունն եղել ա, դուք ասել եք՝ դիմումդ գրի, ազատվի, քեզ կնշանակենք էնտեղ։ Ես ասել եմ՝ նշանակեք, նոր ազատվեմ։
― Տենց բան չկա։
― Կա ամեն ինչ, պարոն Գուլյան։ Ես իմ կյանքում սրանից [ցույց է տալիս աթոռին – խմբ․] կառչած տղա չեմ եղել։ Էս աթոռը իմ համար, իմ վարած պաշտոնների համար միզեռ ա։ Բայց ես նորից եմ կրկնում՝ էդ կարգի, որ խրվել եք իմ ու «Արտաշատի» ՋՕ֊ի վրա․․․ Հարց եմ տալիս էլի՝ վա՞տ եմ աշխատել ես։
― Ստեղ վատ աշխատելու խնդիր չկա։ ․․․
— 30 օրը լրացել ա դեկտեմբերի 30-ին։ Մենք ձեր վարչական խորհրդի նախագահին ասել ենք՝ ներկայացուցիչների ժողովը նորմալ կարգով, օրակարգով հաստատե՞լ եք։ Գանք ներկայացնենք, որ սենց-սենց խախտումներ են եղել, ու քննարկենք, որ, օրինակ, ցանկացած ջրօգտագործողի վրա ինչ֊որ իքս գումար կա դրված (ոնց էր դրված՝ դա հետագայում հետաքննությունը կպարզի), տեսնենք՝ էդ հարցը ոնց ենք անելու։ Նաև՝ վարչական խորհրդի պարտքը, որ անցած տարի՝ 18 թվականի վերջին ու 19 թվականի վերջին, ինչ֊որ չափով ավելացել ա, եթե չեմ սխալվում։ Էդ հարցերը մենք ուզեցել ենք քննարկել։ Էնտեղ չի եղել տնօրենին ազատելու կամ չազատելու հարց։ Մենք գալու էինք էդ երկու թեմաներով խոսեինք ու գնայինք։
Վերջում Գուլյանը կրկին շեշտում է, որ խորհուրդը լուծարվել է, իսկ տնօրենը՝ ազատվել պաշտոնից, քանի որ այս հարցերը չեն լուծվել, անգամ հնարավորություն չի ստեղծվել՝ դրանք քննարկելու և լուծումներ գտնելու համար։