ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս հայրը ձերբակալվել է:
2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած Արմավիրի մարզի բնակչուհի, ով գտնվել է 22-23 շաբաթական հղիության վիճակում:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ՝ օրենսգրքի «բռնաբարություն», «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները» կամ «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը» հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով): Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:
Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ:
Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։