2020 թվականի հունվարին Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերում գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը որակվել է որպես ինքնասպանություն, 1-ը, ըստ պաշտոնական վարկածի, տեղի է ունեցել առողջական խնդիրների, ևս 1-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով:
Նույն ժամանակահատվածում 8 զինծառայող վիրավորում է ստացել։ Մասնավորապես, 2 դեպք գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 3 դեպք՝ ավտովթարի, 2՝ սպանության փորձի և 1՝ ինքնասպանության փորձի:
Մահացության 4 դեպքերից 2-ը և վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում՝ հրազենի կիրառմամբ:
Հունվարի 31-ին տարծած հաղորդագրությունում բերելով այս վիճակագրությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի և սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման և անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարևոր գործողություններին զուգահեռ անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ:
Իրավապաշտպանները տարիներ շարունակ արձանագրում են այդ խնդիրները, սակայն Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։
Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ Հայաստանի իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը: