Առողջապահության նախարարությունը նախ պատրաստվում է սեփական միջոցներով բժշկական ծառայություններ մատուցել առավել խոցելի խմբերի, ապա աստիճանաբար անցում կատարել առողջության համապարփակ ապահովագրությանը։ Այս մասին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ վերջին քննարկումների, հանրությունից ստացած արձագանքների, այլ գործընկերներից ստացած կարծիքների հիման վրա նախարարության ներկայացրած հայեցակարգը հիմա վերամշակման ընթացքում է և, հավանաբար, 1-2 ամսվա ընթացքում նորից կդրվի հանրային քննարկման։
«Մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների կամ քաղաքացիների մեծ մասի համար նման համակարգի վերջնական ներդնելը, մենք գնում ենք նաև այլ ճանապարհով․ աստիճանաբար պետական երաշխիքների մեջ ենք ներառում ավելի շատ թվով քաղաքացիների» ֊ ասել է նախարարը։
Նա պնդել է, որ 2021 թվականին ինքը փորձելու է կառավարությունից ստանալ այնքան գումար, որպեսզի հնարավոր լինի լուծել բոլոր կենսաթոշակառուների առողջապահական հարցերը։
Նախարարը նշել է, որ եթե սեփական ֆինանսական միջոցներ, աշխատանք չունեցող խոցելի խմբերին հնարավոր լինի ապահովել բժշկական ծառայություններով, և մնան միայն այն քաղաքացիները, որոնք ունեն եկամուտ, սակայն չունեն առողջության ապահովագրություն, ապա այդ հարցը ավելի հեշտ կլինի լուծել։
Թորոսյանը ասել է, որ նախկինում ենթադրյալ հարկի դրույքաչափը սահմանվել էր վեց տոկոս, սակայն, հնարավոր է, այդ հարկը դառնա երկու տոկոս․ «Որովհետև մնացած բոլոր քաղաքացիներին, ովքեր ենթադրվում էր՝ պետք է աշխատող քաղաքացիների վճարված հարկերից բուժում ստանան, արդեն պետությունը այլ հարկային հավաքված միջոցներից բուժած կլինի։
Եվ այդ մոտեցումը կարող է բերել մեր պատկերացրած աստիճանական ներդրման առողջական ապահովագրության, դրա անունը կարող է ապահովագրություն ընդհանրապես չլիներ էլ, օրինակ, ոնց հիմա է կոչվում պետպատվեր, սակայն էդ նույն պետպատվերը մենք հիմա փոխում ենք ապահովության սկզբունքներով»։
Որպես օրինակ, Թորոսյանը նշել է զինծառայողների ծրագիրը, որը այս տարի բաց պայմանագրերով է ֆինանսավորելու, որևէ բժշկական հաստատություն չի իմանալու, թե ինքն ինչքան գումար կստանա զինծառայողների ծրագրով ծառայություններ մատուցելու համար։ Նրանք ստանալու են ուղիղ այնքան գումար, որքան ծառայություն կմատուցեն, ինչը հենց ապահովագրության սկզբունքներից մեկն է։ Նախարարը ասել է, որ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց, նման ծառայություններն ընդլայնվելու են․
«Եվ գալու է մի օր, որ մենք հետ ենք նայելու, հասկանալու ենք, որ արդեն ունենք ապահովագրություն։
Պետությունը պետք է ունենա մեխանիզմ, որ դու լինես պաշտպանված միշտ՝ անկախ էդ պահին ունես գումարը քո գրպանում, թե՞ չունես, էդ պահին անցել ես կենսաթոշակային տարիքի, թե՞ դեռ աշխատում ես, երեխա ես, թե՞ մեծահասակ»։