Սույն թվականի հունվարի 10-ին Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն ցանկություն էր հայտնել բազալտի և տուֆի հանք շահագործել:
2020թ. հունվարի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի է ունեցել հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը, որի նախնական արդյունքների հիման վրա Երևանի քաղաքապետարանը կա՛մ նախնական համաձայնություն կտար հանքավայրի շահագործմանը, կա՛մ կմերժեր։
Այսօր Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել, որ հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը: