Փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները։ Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները:
Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ և բուք), Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։