Home / Մեդիա / ԱԱԾ-ն ձեռբակալել է ռասիստ Վերմիշյանին «վաստակավոր շինարարի» վաճառքի համար

ԱԱԾ-ն ձեռբակալել է ռասիստ Վերմիշյանին «վաստակավոր շինարարի» վաճառքի համար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, որի աշխատակիցները փետրվարի 5-ին խուզարկություն էր անցկացրել նրա աշխատասենյակում ու իրեր առգրավել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ», – ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում Վահագն Վերմիշյանը ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Վերմիշյանը անցած տարվա հոկտեմբերին՝ կառավարության նիստի ժամանակ, աչքի ընկավ ռասիստական արտահայտություններով․ «Մենք պետք է հարց տանք՝ ո՞ւմ համար ենք էս երկիրը ուզում՝ նու, հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»։ Նիստին քննարկվում էր տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու հարցը։

Դրան ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Վերմիշյանը կոռեկտ արտահայտություն չի անում։ Պաշտոնյան փորձեց շտկել իրավիճակը, սակայն դա, կարծես, չստացվեց․ «Կներեք, այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարկդա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»։

2019-ի հուլիսին Վերմիշյանի գործելաոճին էր անդրադարձել Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արեւշատյանը։ Վերջինս հրաժալվել էր թանգարան ինստիտուտի տնօրենի կանխորոշված մրցույթին մասնակցելուց։

55-ամյա Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, նա մինչ այդ Երևանի քաղաքապետի խորհրդականն է եղել, նախկինում էլ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում։

Վերմիշյանը մի առիթով հայտարարել է՝ տարբեր ժամանակներում 5 միլիոնից ավելի շինություններ է կառուցել։ Ըստ Media.am-ի՝ նրա կենսագրությանը վերաբերող հրապարակման՝ Վերմիշյանն ինքն իրեն ոչ հավաստի ձեռքբերումներ է վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։ Նա, ըստ լրագրողական հետաքննության, Օրյոլում նախաձեռնել էր քաղաքի ամենահին փողոցներից մեկի վերակառուցման նախագիծը։ Այն նախատեսում էր պատմական սալիկահատակի ապամոնտաժում, ինչի դեմ բողոքի ակցիաներ են եղել, արդյունքում հին սալահատիկը որոշեցին պահպանել, վերակառուցումն իրականացվեց անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան՝ հարուցելով քննադատության ալիք, Վերմիշյանը հրաժարական տվեց։

Հոկտեմբերին հրաժարական տված Կադաստրի կոմիտեն ղեկավարող Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում: «Ես՝ որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», – գրել էր Պետրոսյանը։

Դե իսկ արդեն «Ազատության» հետ զրույցում նա ասել էր, որ Վերմիշյանին լուրջ չի ընդունում, և որ նրան լուրջ չեն ընդունում նաև կառավարությունում և իր ղեկավարած կոմիտեում: Վերմիշյանն էլ իր հերթին քննադատել էր Սարհատ Պետրոսյանի աշխատանքը Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ ասելով, որ Պետրոսյանն իր տեղում չէ և հեռու է քաղաքաշինությունից։

Tekali Taxi