Քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ տեղափոխված կալանավորը ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և հոգեբույժի ցուցմամբ ՔԿՀ-ում ստացել է դեղորայքային բուժում, սակայն, ՁՊՎ տեղափոխվելուց հետո հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված բուժումը, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ՁՊՎ-ում գտնվող ազատությունից զրկված անձի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկն ազատությունից զրկված անձին ՁՊՎ տեղափոխելիս չի տրամադրել ցուցված հոգեմետ դեղորայքը և բժշկական ցուցման վերաբերյալ տեղեկությունը:
ՁՊՎ-ից ազատությունից զրկված անձը տեղափոխվել է այլ քաղաքում գտնվող հոգեբուժական կազմակերպություն՝ փորձաքննության նպատակով, որից հետո կրկին փոխադրվել է ՁՊՎ-ը և ևս մեկ օր պահվել այնտեղ: Վերջինս այդ ընթացքում նույնպես հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված դեղամիջոցները:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ՁՊՎ ընդունելիս և այնտեղ պահելու ընթացքում չի ապահովվել կալանավորվածի հոգեկան առողջության պատշաճ մասնագիտական գնահատումը, նրան չի ցուցաբերվել առողջական վիճակին համարժեք բուժում:
Ավելին, ազատությունից զրկված անձի կողմից շարունակաբար հայտարարվել է իրեն բուժող բժշկի նշանակած դեղորայքը չտրամադրելու հանգամանքով պայմանավորված առողջական վիճակի վատթարացման մասին, ինչն արձանագրվել է նաև շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի կողմից, սակայն անձը շարունակել է պահվել Ոստիկանության ՁՊՎ-ում՝ առանց մասնագիտական խորհրդատվության կազմակերպման», – նշված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:
ՄԻՊ-ի հաղորդմամբ, Ոստիկանությունը բավարար քայլեր չի ձեռնարկել սուր հոգեկան հիվանդության ախտորոշմամբ տառապող և պարբերաբար առողջական խնդիրներ ներկայացնող ազատությունից զրկված անձին մասնագիտացված հոգեբուժական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբույժի խորհրդատվություն կազմակերպելու և(կամ) բուժհաստատություն տեղափոխելու հարցի քննարկման ուղղությամբ:
Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ ՁՊՎ հրավիրվել է շտապ բժշկական օգնության ծառայություն, որը, սակայն, չի կարողացել տրամադրել ցուցված դեղորայքը, քանի որ ինչպես շտապօգնության բրիգադում, այնպես էլ քաղաքի առողջապահական հաստատություններում հոգեբույժ չի եղել․
«Անթույլատրելի է այն, որ մարզերի ․․․բժշկական կազմակերպություններում գործող գծային շտապ բժշկական օգնության և ֆելդշերական բրիգադները համալրված չեն հոգեբույժներով, ունեն սահմանափակ տեսակի դեղորայք՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ավելին, կոնկրետ դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կողմից ազատությունից զրկված անձի մոտ հոգեբուժական ախտորոշման պարագայում՝ բավարար քայլեր չեն ձեռնարկվել պատշաճ հոգեբուժական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ բավարարվելով միայն «ստանալ նշանակված դեղորայքը» ցուցումով»:
Պաշտպանը որոշմամբ՝ խախտում է արձանագրվել արդարադատության նախարարության, առողջապահության նախարարության, ոստիկանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործողություններում միաժամանակ:
Այս մարմիններին առաջարկվել է համատեղ մշակել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ կամ այլ վայր տեղափոխելու պարագայում հոգեմետ դեղորայքի շարունակական ընդունումն ապահովելու նպատակով այն տրամադրելու հստակ ընթացակարգ:
․․․Խախտման որոշմամբ նշված պետական մարմիններին առաջարկվել է կազմակերպել նաև բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի և մասնագետների համապատասխան վերապատրաստումներ:
Որոշումն ուղարկվել է նաև գլխավոր դատախազին՝ ի գիտություն: