Home / Բնապահպանություն / Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ

Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար և այս տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաև ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ և նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։

Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետևյալ տեղեկությունները ստանալու նպատակով

– ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։

Հարցման պատասխանների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետևյալը

1 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։

2 Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։

3 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանակությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։

4 Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին և մի շարք կազմակերպությունների ու բանկերի։

5 Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27012006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։

6 Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։

Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երևում է, թե ինչ թափով է աշխատում և արտանետումներ անում այդ նույն գործարանը։

Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է և ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակցության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել և մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, և ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]