Ադրբեջանի Պետական սահմանապահ ծարայությունը հայտնում է զինծառայող Նազիմ Փաշազադեի հրազենային վիրավորում ստանալու մասին։ Դա, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել հայաստանյան կողմից՝ Ղազախի շրջանի Ղուշչու֊Այրըմ գյուղի ուղղությամբ կրակ արձակելու հետևանքով։ Զինծառայողը մահացավ Ղազախի ախտորոշման կենտրոնում։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մարտի վեցին հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Ըստ ՊՆ֊ի, հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: «Գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են», – ասված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։
Հայաստանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ: