Վերջերս Էկոնոմիկայի նախարարության ղեկավարությունը կասեցրել էր նախարարության աշխատողների արհմիության անդամների անդամավճարների գանձման և արհմիությանը փոխանցելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը։ Որևէ գրավոր պատասխան չստանալու պատճառով արհմիությունը կրկին անգամ դիմել է արդեն նախարարին, նկարագրելով խնդիրը և խնդրելով Ճյուղային արհմիության նախագահի հետ հանդիպում ունենալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Պետհիմնարկների արհմիությունը նշում է, որ նախարարից ստացված պատասխանում ամբողջովին արհամարհվել էր հանդիպում կազմակերպելու խնդրանքը: Բացի այդ, պատասխան նամակում տեղ էր գտել ուշագրավ մի նախադասություն, որտեղ ասվում է «աշխատողների շրջանում նախնական հարցումները վեր են հանել արհմիության աշխատանքի հետ կապված դժգոհություններ»:
«Այս նախադասությունը, փաստորեն, հանդիսանում է ինքնախոստովանություն, որ նախարարության ղեկավարությունը միջամտել է արհմիության ներքին ադմինիստրատիվ գործունեությանը և փորձ է արել ազդեցություն գործել դրա վրա, ինչը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրությամբ կոպիտ իրավախախտում է: Գործատուն իրավասություն ՉՈՒՆԻ արհմիության աշխատանքի ուսումնասիրություններ անել, կամ դրա գործունեությանը գնահատականներ տալ. դա որակվում է որպես միջամտություն և ճնշում գործադրելու փորձ», ֊ նշված է արհմիության տեքստում:
Ինչ վերաբերվում է բուն խնդրին՝ անդամավճարների գանձումը կասեցնելուն, նախարարությունը ժխտել է իր դերը՝ պատճառաբանելով, որ դա եղել է հենց արհմիության անդամների կամքը: Արհմիությունը պնդում է․ «Սա նույնպես պետական պաշտոնյաների կողմից ամենատարածված արդարացումներից մեկն է՝ շահարկել արհմիության անդամների կամավորության սկզբունքը:
Այնուամենայնիվ, արհմիության անդամների զանգավածայնորեն հրաժարվելը արհմիության անդամակցությունից սովորաբար լինում է հենց գործատուի նախաձեռնությամբ, նրա բանավոր խորհրդով, կամ հենց վերը նշված «արհմիության աշխատանքի գործունեությունը» ուսումնասիրելու և գնահատականներ տալու պատճառով»: