Home / Առողջապահություն / 7 մահ, 43 առողջացած, ընդհանուր 736 վարակվածության դեպք․ ամփոփում

7 մահ, 43 առողջացած, ընդհանուր 736 վարակվածության դեպք․ ամփոփում

Ապրիլի 3-ի առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 736 դեպք: Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել է 73-ով։ Դեպքերի մեծ մասը, Առողջապահության նախարարության փոխանցմամբ, փոխկապակցված են ավելի վաղ հաստատվածների հետ։ Կան նաև նոր օջախներ։ Նոր դեպքերի շփման շրջանակները պարզվում են․ կոնտակտավորները մեկուսացվում են կամ ուղարկվում ցուցված ինքնամեկուսացման։

Բուժվածները 43-ն են։ Վերջին մեկ օրվա ընթացքում՝ 10 առողջացման դեպք՝ կրկնակի բացասական թեստով։ Առողջացած պացիենտները դուրս են գրվել բժշկական կենտրոններից։ 

Ընդհանուր թվով արձանագրվել է մահվան 7 դեպք, որոնցից 3-ը՝ անցած մեկ օրվա ընթացքում: 68-ամյա, 78-ամյա և 76-ամյա պացիենտները գտնվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն և հաստատված երկկողմանի թոքաբորբ՝ զուգորդված այլ քրոնիկ հիվանդություններով, որոնք դժվարացրել են բուժման ընթացքը։ Օրվա ընթացքում այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։  

Վարակվածներից ևս 2-ի վիճակը բժիշկներն այժմ գնահատում են որպես ծայրահեղ ծանր․ նրանք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են՝ արհեստական շնչառության սարքավորման տակ։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից 1-ը տարեց է, մեկը՝ երիտասարդ։ Մնացած պացիենտների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Բոլոր վարակվածները (այս պահին, փաստացի, 686 հոգի) հոսպիտալացված են կամ մեկուսացված։

Հանրապետությունում ընդհանուր թվով 9 բժշկական կենտրոններ (ամբողջությամբ կամ առանձին մասնաշենքերով) սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, դրանցից ամենախոշորը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որը Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցն է, այսօրվանից կվերցնի իր վրա ամենամեծ բեռը։ Խոսքը ԲԿ-ի ստացիոնար մասնաշենքի մասին է, մնացած մասնաշենքերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի գործում լրիվ զրոյից այլ հիվանդանոցներ էլ են մոբիլիզացվել՝ և կադրերով, և սարքավորումներով։ Հրատապ ռեժիմով նոր ժամանակավոր մասնաշենքեր են կառուցվել, մասնավորապես՝ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին կից սպասասրահը՝ 36 սպասասենյակներով, որը կառուցվել է 10 օրվա ընթացքում։

Մինչ օրս արվել է կորոնավիրուսի 3994 թեստ․ 736-ը դրական և 3258-ը բացասական պատասխանով։ Մոտ 700 թեստ՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Նախատեսվում է, որ շուտով օրական միջինում 400-500 թեստավորում կարվի, իսկ ավելի ուշ՝ նոր սարքավորումներ ձեռք բերելուց հետո, այդ թիվը կհասնի մինչև 1500-ի։ 

Ծանր դեպքերի համար անհրաժեշտ արհեստական շնչառության ապարատների պակաս այս պահին ևս չկա․ միայն կորոնավիրուսով հիվանդների համար այս պահին առանձնացված 55 սարք կա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներգրավմամբ սարքերի թիվը ավելանում է ևս 20-ով։ Մոտակա ժամանակներում հատուկ չվերթով Չինաստանից մոտ 105-106 նոր սարքավորում կբերվի։ Եվս 50 սարքովում արդեն պատվիրվել է, դրանց կեսը Հայաստանում կլինի ապրիլին, մյուս կեսը` մայիսին։

Քանի հոգի է ընդհանուր պահվում մեկուսացման մեջ՝ չի նշվում։ Կոնտակտավորները և վարակվածների մի մասը (հիվանդության թեթև ընթացք ունեցողները) մեկուսացված են հատուկ առանձնացված 16 հյուրանոցային համալիրներում և հանգստյան տներում։ Հավանական է, որ առաջիկայում մեկուսացման վայրերի ցանկը կընդլայնվի։ 

Հիշեցնենք նաև, որ Արդարադատության նախարարությունից երեկ տեղեկացրել էր քրեակատարողական հիմնարկում արձանագրված առաջին դեպքերի մասին, որոնք գրանցվել են «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ։ Նրանք մեկուսացվել են։ Մեկուսացվել են նաև քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 28 աշխատակիցները, կատարվում է նմուշառում։ Վարակակիրները ՔԿՀ-ում պահվող անձանց հետ չեն շփվել։