«ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող ք. Երևան, Աճառյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու», հայտնում է Գլխավոր Դատախազությունը:
2016թ. ՊՈԱԿ-ը «Լ… Գ…» ՍՊԸ-ի հետ մեկ տարի ժամկետով կնքել է 1000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը յուրաքանչյուր տարի երկարացվել է՝ ընդհուպ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ ՍՊԸ-ն նշված հողամասն օգտագործում է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը:
Չնայած կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ տարածքը դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով օգտագործվելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատական կարգով վաղաժամկետ լուծվել, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք տարածքը հետ վերադարձնելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:
ՊՈԱԿ-ի կողմից մեկ այլ՝ «Ք… Գ…» ընկերության հետ կանաչապատման նպատակով 2011թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է 3000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը երկարացվել է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: 2020թ. մարտի 12-ի դրությամբ, սակայն, այդ տարածքը առանձնացված է բետոնե հիմքով քարե հիմնական պարիսպով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո տարածքը չի վերադարձվել ՊՈԱԿ-ին:
Պարզվել է, որ ընկերությունը նշված տարածքում ծավալել է մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի գործունեություն: Հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ:
Պարզվել է նաև, որ խախտելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. և 24.12.2003թ. որոշումների պահանջները՝ նշված հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է՝ սահմանելով տարեկան 1,2մլն դրամ (ամսական 100.0 հազ. դրամ): Մինչդեռ, ՀՀ կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ:
Այսինքն վարձակալության հանձնված հողատարածքի վարձավճարը պակաս է հաշվարկվել և գանձվել ընդհանուր մոտ 12մլն ՀՀ դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ։