Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր, գրող Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն թողնում է փոխնախարարի պաշտոնը։ Հրաժարական ներկայացնելու մասին Գասպարյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջի միջոցով՝ առանց մանրամասնելու, որոնք են նախարարի առաջին տեղակալի պաշտոնը լքելու որոշման դրդապատճառները։
«Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության:
Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:
Շնորհակալ եմ բոլորից, ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում», – գրել է Գասպարյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքի իր էջում բարձր է գնահատել Գասպարյանի ներդրումը սոցիալական պաշտպանության՝ հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներում և արտակարգ դրության պայմաններում սոցիալական աջակցության համակարգման հարցում։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնել նրան արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություններ նոր ոլորտներում։
Գեմաֆին Գասպարյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 19-ին։