Ղարաբաղի նոր գումարման Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության ու օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դարձել Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Սեյրան Հայրապետյանը:
Սեյրան Հայրապետյանը, civilnet.am լրատվականի հաղորդմամբ, 2016 թվականին ներգրավված է եղել ոլորտին առնչվող կոռուպցիոն մի քրգործի մեջ՝ մեղադրյալի կարգավիճակում։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով, որ Հայրապետյանը՝ լինելով Ղարաբաղի զինկոմիսարիատի պահեստազորի սպաների հաշվառման բաժնի պետ, պայմանավորվածության է եկել Երևանի բնակիչներ Գուրգեն Ավետիսյանի և նրա կնոջ հետ՝ վերջիններիս որդուն զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների կազմում չընդգրկելու շուրջ։ 2014-ին «Արցախբանկ»-ի միջոցով Հայրապետյանը ստացել է 200 դոլար և 80 000 դրամ։
Գործը հարուցվել է 2016-ի դեկտեմբերին՝ Հայաստանի ռազմական ոստիկանության պետի հրամանով, հետագայում փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությանը։ 2018-ի հունիսին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Գործի քննությունը, սակայն, ձգձգվել է՝ դատավորը արձակուրդում է եղել, հետո վերադարձել է, նրա լիազորությունները դադարեցվել են, գործը մակագրվել է այլ դատավորի, մի քանի նիստերից հետո մեղադրողը չի ներկայացել և այլն։ Ի վերջո 2020-ի հունվարին դատարանը որոշել է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրգործն էլ կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Հայրապետյանը նոր գումարման Ազգային ժողով է անցել Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ցուցակներով։ Պաշտպանության, անվտանգության ու օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել պատգամավորների 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ։