Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։
ՄԻՊ-ի փոխանցմամբ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․
-Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ,
– նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ,
– Համավարակի պայմաններում քրեակատարողական ծառայողների աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ չեն արվել,
– քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ,
– քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ,
– պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն),
– արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար,
– «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով,
– արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում,
– առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ,
– տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն,
– բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ,
– քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն:
Արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝
– նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով.
– ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.
– ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին):
Մշտադիտարկմանը, ըստ ՄԻՊ-ի, ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ: Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: