Մասնակիրորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Տաչին մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ։ Երեկ՝ հրաժարական ներկայացնելուց և ինքնակամ Եվրամիության առաքելությանը ներկայանալուց հետո, նա ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։
Տաչիից բացի, ձերբակալվել են նաև Կոսովոյի խորհրդարանի նախկին նախագահ Կադրի Վեսելին և Յակուպ Կրասնիչին, նաև՝ Կոսովոյի ազատագրական բանակի նախկին հրամանատար Ռեջեփ Սելիմին։
Հաագային հատուկ տրիբունալի փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում են ավելի քան 100 մարդու սպանության, առևանգման ու կտտանքների ենթարկելու մեջ․ ըստ քննության, էթնիկ փոքրամասնություններից բացի հալածանքների են ենթարկվել նաև նրանց քաղաքական ընդդիմախոսները։ Մեղադրանքն առաջադրվել է այս տարվա հունիսին։
Տաչին, ով 90-ականների վերջին առաջնորդում էր Կոսովոյի ազատագրության բանակը, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նոյեմբերի 5-ին նա, այնուամենայնիվ, հրաժարական է ներկայացրել։ Ավելի վաղ՝ խոսատացել հեռանալ պաշտոնից, եթե Հաագայի հատուկ դատախազությունը հաստատի նրան առաջադրված մեղադրանքները, որոնք մեծապես վերաբերում են այն ռազմական հանցագործություններին, որոնք ինքնորոշվող Կոսովոյի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարել է 1998-1999 թվականներին՝ նախկին Յուգոսլավիայի հետ զինված հակամարտության ընթացքում։
Գործը քննվում է Հաագայում՝ 2015 թվականին ստեղծված Կոսովոյի հարցով հատուկ միջազգային տրիբունալի կողմից։