Home / Բանակ / Կարիք չկար զոհաբերելու մեր երազների մաքրությունը․ Ժիրայր Լիպարիտյան

Կարիք չկար զոհաբերելու մեր երազների մաքրությունը․ Ժիրայր Լիպարիտյան

Ժիրայր Լիպարիտյան
Ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ․ վեց դրույթ

— Մենք ապրում ենք մեր պատմության մի շատ դժվարին շրջան։ Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 10-ը մեր բանակը բիրտ պատերազմ մղեց եւ զգալի չափով պարտություն կրեց՝ հսկայական հետեւանքներով։

Մինչ այս խավար թունելից ելք գտնելը, ըստ էության՝ այդտեղից դուրս գալու ճանապարհ գտնելը, նախ պետք է հասկանանք, թե ինչ կատարվեց եւ ինչու կատարվեց։ Եվ մեզ անհրաժեշտ է համակերպվել կատարվածի հետ, ընդունել այն։ Գործընկերներիցս շատերը պատասխաններ են ներկայացրել։ Սա իմ ներդրումն է այդ բանավեճում:

1.    Հայաստանը, Արցախը եւ հայկական աշխարհը կրել են պատմական համամասնությունների կորուստ։

— Մենք պարտվել ենք մի պատերազմում, որից պետք է խուսափեինք ցանկացած գնով, մի պատերազմում, որը մենք հաղթել չէինք կարողանալու։

* Մեր ժողովրդի եւս մեկ հատված կորցրեց իր նախնյաց օջախներն ու իր հավաքական կյանքը։

* Մենք կորցրեցինք երիտասարդ տղամարդկանց մի ողջ սերունդ՝ մեր ամենաթանկագին արժեքներից մեկը։

* Մենք կորցրեցինք երկար տարիների ընթացքում Արցախում ներդրած մեր մարդկային ու ֆինանսական կապիտալը։

* Մեր վարչապետը կորցրեց այն երեք նպատակները, որոնք նա դրել էր իր առջեւ՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար.

– Արցախի ղեկավարությանը բերել բանակցությունների սեղանի շուրջ,

– Որեւէ լուծում պետք է ընդունելի լինի հակամարտության մեջ ներգրավված երեք կողմի ժողովուրդների համար. Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի

– Ղարաբաղի անկախության ապահովման հնարավորությունը՝ թեկուզ հեռավոր ապագայում:

– Մենք կորցրինք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը եւ ձեռք բերած նվաճումների մեծ մասը։ Հնարավոր է՝ մենք նույնիսկ կորցրել ենք մեր հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմատիզացված ժողովուրդ ենք, լիովին անպատրաստ ենք ընդունելու, թե ինչ կատարվեց եւ ինչու։

* Մենք կորցրեցինք մեր անկախության եւ ինքնիշխանության եւս մեկ մաս։

2020 թ. նոյեմբերի 10-ին կնքված զինադադարի համաձայնագիրը եւ նախագահ Պուտինի՝ դրան հաջորդած հայտարարությունները հստակեցրին, որ հե՛նց Հայաստանն է հանդես գալիս Ղարաբաղի անունից. պարզ չէ նույնիսկ, թե Հայաստանն՝ ինքը որքան ձայն կունենա իրադարձությունների հետագա ընթացքը որոշելու գործում։ Չնայած դրան, բոլոր շահագրգռվածների աչքում Հայաստանն է սահմանվում որպես կողմ, որը պատասխանատու էր եւ է՝ Արցախի առնչությամբ որեւէ եւ բոլո՛ր հարցերում։

2.    Պարտությունից հետո մենք շփոթված ենք եւ շփոթություն ենք տեսնում մեր շուրջը։

Մի կողմից համակված ենք պատահածին չհավատալու եւ դավաճանված լինելու զգացումով՝ վստահ չլինելով, թե կկարողանա՞նք հավաքել բեկորները՝ մի բանի, որը թվում է, թե մի ջարդված աշխարհ է։ Մյուս կողմից՝ մենք ռմբահարված ենք փոխադարձ մեղադրանքներով, ելույթներով եւ հայտարարություններով, որոնց նպատակը մեր իսկ կատարած մեղքերի համար մեզնից դուրս որեւէ մեղավոր գտնելն է՝ մեր գործողությունների եւ խոսքերի արդարացումներով ու բացատրություններով. այն արդարացումներով, թե ինչու էր պատերազմն անխուսափելի եւ ինչու պարտությունը պարտություն չէ: Եվ այս ամենը՝ ուղեկցվող վրեժխնդրության կոչերով:

Արկածախնդիրները, պատեհապաշտները եւ գերհայրենասերները հանրության վրա են նետում իրենց ամբողջ զինանոցը՝ պատերազմի ընթացքում սխալ կատարված ամենափոքր արարքից մինչեւ դավադրության ամենավայրենի տեսություններ. վատ դատողության, վախկոտության ու դասալքության մեղադրանքներից մինչեւ գիլյոտինի արժանի դավաճանություն։

Ամեն ինչից առաջ, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանո՞ւմ ենք նրա վրա, ինչն այժմ էական է։ Մենք այլեւս չենք վստահում ճիշտ հարցեր բարձրացնելու մեր կարողությանը, էլ չասենք այն մասին, թե ունե՞նք ճիշտ պատասխաններ հետեւյալի վերաբերյալ. ինչպե՞ս գնահատել ճանապարհը, որը մեզ հասցրեց այստեղ, եւ ի՞նչ անել ապագայում։

3.    Դեռեւս շարունակում ենք հարց տալ՝ ինչո՞ւ հայտնվեցինք այստեղ։ Ինչպե՞ս կարողացանք հաղթանակի երախից պարտություն կորզել։ Ի՞նչը սխալ արվեց։

Փորձերի մեծ մասը՝ պատասխանելու այն հարցին, թե ինչն է մինչ այժմ սխալ եղել, կենտրոնացել է պատերազմի ընթացքում եղած մեր սխալների ու հաշվարկների, եւ մեր դիվանագիտության ձախողումների վրա: Շատերը մեղք են վերագրում նաեւ վարչապետի անձին։

Նման պատասխանները մեզ հանգեցրել են այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝ (ա) պահանջել վարչապետի հրաժարականը, (բ) մերժել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը կամ փորձել այն փոխելու ճանապարհներ գտնել, (գ) ավելի համառ ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար, (դ) շտկել պատերազմը վարելու հետ կապված սխալները, որպեսզի պատրաստվենք կռվի նոր փուլի եւ այս անգամ ակնկալենք այլ արդյունք՝ վերականգնելու համար նախկին ստատուս քվոն։

Ամենայն հավանականությամբ, պատերազմի պատրաստվելիս կամ այն վարելիս շատ բաներ կարելի էր տարբեր կերպ անել, բայց կասկածելի է, թե մենք կարող էինք զգալիորեն տարբեր արդյունք ստանալ, քան այն, ինչ ունենք այսօր։ Փորձագետները, հանձնաժողովներն ու պատմաբանները դեռ երկար ժամանակ կվերլուծեն այս ձախողումները եւ, հավանաբար, համաձայնության չեն գա այն հարցում, թե ինչն էր սխալ արվել։

Այս պատասխաններից ոչ մեկը՝ առանձին-առանձին կամ միասնաբար, բավարար չեն մեր այս հիմնարար խնդիրը հասկանալու համար։

4.    Մենք պարտվեցինք, քանի որ իրականության աչքերին նայելու փոխարեն ավելի քան երկու տասնամյակ մեր ղեկավարներն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական եւ անձնական նկատառումների վրա: Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք տեսնել ուժերի տեղաշարժվող հավասարակշռությունը եւ ընդունել, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում: Մենք մեր լավ զգալը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ:

Ինչ վերաբերում է  վարչապետ Փաշինյանի պարագային, մենք պետք է նաեւ երկու գործոն հաշվի առնենք. (ա) նրա ազնիվ, բայց հիմնովին անտեղի ու վտանգավոր այն համոզմունքը, թե ժողովրդավարական Հայաստանը կապահովի Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման միջազգային աջակցությունը, թե «Արեւմուտքը» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության մասին, քան իր շահերի, թե Ադրբեջանի ժողովրդին՝ նախագահ Ալիեւի լիազորություններից դուրս ուղղված կոչը կարող է ադրբեջանական այլ դիրքորոշում առաջ բերել, այնպիսին, որն ավելի մոտ կլինի հայերի առավելապաշտական դիրքորոշմանը: Եվ, (բ) նրա ցանկության բացակայությունը՝  որպես պետական գործիչ վարվելու եւ բանակցելու. բանակցելու գրավյալ տարածքների վերադարձի կարգի ու խաղաղ ճանապարհով մեր ժողովրդի համար իր հողի վրա ապրելու անվտանգության համարժեք երաշխիքների, խաղաղության շուրջ:

Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ (ա) չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, եւ բ) հայկական վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղին հարակից յոթ շրջանները համարում են օկուպացված շրջաններ եւ, ինչ էլ որ լինեն դրանց վրա մեր վերահսկողության պատճառները, մենք պետք է վերադարձնենք դրանք: Եվ այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը մեզ ասում էր, որ պատերազմելու է այդ շրջանների համար:

Այդքան երկար անտեսելով նրանց ասածները, մենք դեռ խնդրանքով դիմում էինք Արեւմուտքին, որպեսզի օգնի մեզ՝ պահպանելու այդ յոթ շրջանները եւ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այն դեպքում, երբ սկսել էինք պարտվել պատերազմում:

5.    Մեր հիմնական հարցը մեր մտածելու կերպի մեջ է։

(«Մեր» ասելով, այս դեպքում, նկատի ունեմ մեր պետության ղեկավարների եւ այսօր փողոցում հավաքված մեր քաղաքական կուսակցությունների մեծ մասին:) Մեր խնդիրն այն էր, թե ինչպես էինք նայում Ղարաբաղյան հակամարտությանը, եւ այն, թե ինչպես էինք  ձեւակերպում դրա լուծմանն առնչվող հարցերը. մենք սկսեցինք այն եզրակացությունից, որը համապատասխանում էր մեր երազանքներին, այնուհետեւ հնչեցրինք միայն այն հարցերը, որոնք հաստատում էին մեր եզրակացությունները եւ չէին վիճարկում մեր ենթադրություններն ու տրամաբանությունը։

Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որն ապավինում է երազանքներին, ոչ թե անհերքելի փաստերին. այն ձեւը, որով մենք ռազմավարություն ենք մշակում, այն ձեւը, որով հեշտությամբ մի կողմ ենք դնում արտաքին աշխարհի եւ մեր հակառակորդների ասածն ու արածը, եթե դրանք խաթարում են մեր նախապաշարումներն ու նախասահմանված համոզմունքները։ Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին. նրան, ինչից մեզ լավ կզգանք, եւ ոչ թե հաշվի ենք առնում այն պարզ փաստերը, որոնք միասին կազմում են մեզ շրջապատող իրականությունը:

Մեր խնդիրն այն է, որ թույլ ենք տալիս, որպեսզի մեր դատողությունը մթագնվի մեր խնդիրների ամենաբարձր, վսեմագույն եւ կատարյալ լուծումներով, մեր պատրանքներով: Մեր խնդիրն այն է, որ մենք համառորեն գերագնահատում ենք մեր կարողությունները, որպեսզի հարցականի տակ չդնենք մեր ռազմավարությունը եւ չխաթարենք մեր երազանքները: Մենք կարծում էինք, որ «ոչ մի թիզ հողի» մեր ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր դատն արդար էր: Եվ մենք  հավատում էինք, թե կարող ենք մեզ ենթարկեցնել թշնամու եւ միջազգային հանրության կամքը, ու ստիպել նրանց՝ մտածել ու զգալ այնպես, ինչպես մենք:

Մենք կարծում էինք, թե մեր երազներն այնքան վսեմ են, որ դրանք սոսկ քաղաքական ծրագրի վերածելն ու աշխարհին դրանց մասին հայտնելը կարող էին փոխարինել ռազմավարական մտածողությանը։ Մենք չէինք ցանկանում խաթարել հայրենասեր զգալու մեր հարմարավետությունը։

Քանի որ հակառակորդը չէր կամենում մեզ տալ այն, ինչի մասին երազում էինք, մենք որոշեցինք, որ հակառակորդը ճկուն չէ, պատրաստ չէ բանակցելու: Եվ այսպիսով մենք ասացինք, որ պատերազմից խուսափելն անհնար է, որ դա իրավիճակով պայմանավորված ընդունելի տարբերակ է, եւ դա մեր մեղքը չէ:

Վերջում այս տրամաբանությունը հասավ իր անխուսափելի եզրահանգմանը՝ պատերազմը ցանկալի է. մենք կկռվենք, եւ, իհարկե, կհաղթենք ու կհարկադրենք թշնամուն՝ ընդունել մեր տրամաբանությունը, մեր պայմանները, մեր լուծումը: Եվ ուժերի հավասարակշռության ցանկացած իրատեսական գնահատում կարող է կորչել գրողի ծոցը: Ավելի լավ էր բախտը փորձել պատերազմի, ոչ թե խաղաղության մեջ:

Մենք պնդում էինք, թե խաղաղության ընտրությունը պարտվողականների լուծումն է. կարիք չկար ներդնել այն ամենը, ինչ ունեինք բանակցություններում, կարիք չկար զոհաբերել մեր երազների մաքրությունը։

Մենք նույնիսկ ունեինք մտային անհրաժեշտ պարագիծը՝  այնտեղ տեղավորելու համար երիտասարդ կյանքերի անխուսափ կորուստը։ Ի վերջո, մեր պատմությունը լի չէ՞ հերոսներով ու նահատակներով: Հատկապե՛ս նահատակներով: Մենք օրհնված ենք, չէ՞, Վարդանանց ճակատամարտի հիշատակով. ճակատամարտի, որտեղ հազարից ավելի զինվորներ զոհվեցին եւ դարձան նահատակներ: Արդյոք մեր պատմությունն ու եկեղեցին մեզ չե՞ն ասել, որ ընդունելի է, երբ զոհվում են երիտասարդ տղաներ, նույնիսկ եթե հազարավորների ինքնազոհողությունը անպայմանորեն հաղթանակ չի բերում:

Խաղաղությունը լավագույն դեպքում դիտվում էր որպես մի ընտրություն, որն ահնրաժեշտ չէր ավելի բարձր գնահատել, քան պատերազմը. այն կարելի էր ընդունել կամ մերժել: Եվ մեր հռետորաբանությունը համապատասխանում էր այդ ամբարտավանությանը եւ, կարող եմ ավելացնել՝ վտանգավո՛ր կերպով անխոհեմ դատողությանը:

Երկու լուծումներն էլ՝ բանակցությունների թե պատերազմի միջոցով, ռիսկային էին: Յուրաքանչյուրն ուներ իր վտանգները: Բայց ձախողված խաղաղությամբ, վատագույն դեպքում, մենք կհայտնվեինք այնտեղ, որտեղ հիմա ենք, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ վիճակում: Իսկ պատերազմով, նոյեմբերի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը լավագույնն է, որ կարող էինք հուսալ:

6.    Այն, ինչ այսօր ունենք ռազմավարական մտածողության շուկայում՝  կառավարության եւ իշխանությանը փոխարինել ցանկացող ընդդիմության առնչությամբ, չափազանց մտահոգիչ է ու վտանգավոր:

Մենք տեսնում ենք իրական հարցերին եւ բացահայտ պարզ պատասխաններին դեմ առ դեմ նայելու մերժման շարունակումը եւ կրկնում ենք միեւնույն կարգախոսները՝ կառչելով միեւնույն պատրանքներից: Մենք առաջարկում ենք սխալ լուծում սխալ ախտորոշման համար:

Պնդելով միեւնույն ձախողված եւ ծախսատար ռազմավարության շարունակության վրա՝ կառավարությունը փորձում է մեզ, գուցե եւ ինքն իրեն նույնպես, համոզել, որ այն ձեւը, որով նա մտածում էր խնդրի մասին, միակ ձեւն էր դրա մասին մտածելու, եւ այն, ինչ արվել է, միակ բանն էր, որ կարելի էր անել: Վարչապետը խոստովանեց աննշան սխալներ, որոնք քողարկում են իր մտածողության եւ ռազմավարության իրական ձախողումները:

Փողոցում նրան ընդդիմացող կուսակցությունները չեն արել նույնիսկ այն, ինչ արեց Փաշինյանը: Նրանք դեռ պետք է գիտակցեն, որ իրենք եւս սխալ են թույլ տվել՝ փոքր կամ մեծ: Այդ ընդդիմությունը բաղկացած է կուսակցություններից, որոնք եղել են արատավոր ռազմավարության եւ խնդրահարույց մտածողության ողնաշարը. մի խումբ, որը երբեք հարց չի բարձրացրել այն ուղու մասին, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր պատերազմի, մի ընդդիմություն, որը ծափահարում էր, երբ Փաշինյանը մերժում էր Լավրովի առաջարկած փոխզիջումային տարբերակը՝ մինչեւ պատերազմը եւ դրա սկսելուց մի քանի օր անց: Տարբերակ, որը կարող էր մեզ ավելի լավ վիճակում թողնել, քան հիմա ենք եւ առանց բոլոր այս կորուստների: Մենք պետք է հարց բարձրացնենք. ի՞նչ խնդիր էին լուծում այս մարդիկ:

Ոմանք նույնիսկ առաջարկում են չեղյալ հայտարարել հրադադարի պայմանագիրը, ստորագրող մյուս կողմերին ստիպել փոխել այն կամ նույնիսկ վերադառնալ պատերազմի՝ վրեժ լուծելու համար: Հարկավոր էր, որ նախագահ Պուտի՞նը զգուշացներ մեզ, որ ցանկացած նման քայլ հավասարազոր է ինքնասպանության:

Մեզ պատմական այս կորստին հասցրած մտածողության շարունակման հավանական հետեւանքը կլինի այն, որ պատերազմը կարող է վերսկսվել, որի արդյունքում մենք կարող ենք կորցնել այն, ինչ դեռեւս մնացել է մեզ:

Հիմա է ժամանակը, որ փոխվի այն ընթացքի ուղղությունը, որով տեսնում ենք մեր ոչ վաղ անցյալը, եթե ցանկանում ենք ապագայի համար ծրագիր մշակել, ծրագիր, որը կդիմանա ժամանակի եւ առողջ բանականության փորձություններին:

Նոյեմբերի 24, 2020 թ.

Անգլերեն բնագիրը հրապարակվել է The Armenian Mirror Spectator-ում։
Հայերենը՝ Մեդիամաքսում։
Թարգմանությունը հաստատվել է հեղինակի կողմից։

Tekali Taxi