Home / Կրթություն / Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Որոշումը կայացվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ։

1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական գործընթացը վերսկսվել էր նոյեմբերի 13-ից․ այն ժամանակ որոշվել էր, որ ավելի բարձր դասարանների երեխաները կմնան տանը և կշարունակեն սովորել հեռավար կարգով։ Այժմ առհա ուսումնական պրոցեսը կվերականգնվի նաև նրանց համար։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ դասերը կազմակերպելիս ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել Առողջապահության նախարարի 2020 թ․ սեպտեմբերի 18-ի հրամանով հաստատված պահանջները:

Ուսումնական տարվա սկզբին հաստատված ուղեցույցի սահմանափակումները, սակայն, մեծապես չեն գործի։ Բացառությություն կկազմի միայն 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանները խմբերի բաժանելու մասին դրույթը:

Համաձայն առողջապահության նախարարի նշված հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

— դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ /ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,

— ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

— թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,

— հեռահար ջերմաչափում։

— Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում։

— Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:

Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։