Ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նախորդող կամ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է», – ասված է հայտարարությունում:
Արցախի ՊԲ-ն ընդգծել է՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»:
Ըստ ՊԲ-ի, պակաս կարևոր չէ նաև այն «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։
«Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։
Նշված փաստերի համադրությունը, գրել է ՊԲ-ն, ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները «նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»:
Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
Արցախի ՊԲ-ն խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։