Home / Դատարան / Հոգեկան առողջությունն Ասանժին փրկեց ԱՄՆ-ից

Հոգեկան առողջությունն Ասանժին փրկեց ԱՄՆ-ից

Ջուլիան Ասանժը չի կարող արտահանձնվել Միացյալ Նահանգներին։ Այս որոշումն այսօր կայացրել է բրիտանացի դատավոր Վանեսա Բարետցերը, որպես փաստարկ բերելով Ասանժի հոգեկան առողջությունը։

«Ես գտնում եմ, որ պրն․ Ասանժի հոգեկան առողջությունն այնպիսի վիճակում է, որ նրա արտահանձնումը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ճնշող կլինի», – հայտնել է Բարետցերը։

Դատավորը նշել է, որ արտահանձնման պարագայում Ասանժը հավանաբար պահվելու էր «առավելագույն անվտանգության» բանտերում՝ մեկուսացման մեջ, և որ ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված գործընթացները բավարար չէին լինելու «Wikileaks»-ի հիմնադրի հավանական ինքնասպանությունը կանխելու համար։

ԱՄՆ իշխանությունների փաստաբանները վճիռը բողոքարկելու համար ունեն 15 օր։  

Հիշեցնենք, որ «Wikeleaks»-ի 49-ամյա հիմնադիրը հետախուզվում է ԱՄՆ կառավարության կողմից՝ 2010-11 թվականներին  Աֆղանստանի և Իրաքի պատերազմներին, ինչպես նաև դիվանագիտական հաղորդակցություններին վերաբերող հարյուր հազարավոր փաստաթղթեր գաղտնազերծելու համար։
Ասանժի փաստաբանները պնդում են, որ վերջինիս նկատմամբ հետախուզումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, քանի որ «Wikileaks»-ը հրապարակել էր ԱՄՆ կառավարությանը վերաբերող փաստաթղթեր, որոնցում առկա էին մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմական հանցագործությունների  ապացույցներ։

Ասանժը Մեծ Բրիտանիայում ձերբակալվել էր 2019-ի ապրիլին, իսկ մինչ այդ ապաստանում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։