Հայաստանի քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմը ամրագրված է 1992-ին ԱՊՀ երկրների համաձայնագրով, բայց այն de facto չի գործում։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով», – ասված է հաղորդագրությունում։
Այսպիսով՝ լեգալ առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմ իրապես սահմանված չէ։ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը, սակայն, de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։
«Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից»։