Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն այսուհետ աշխարհի ամենահարուստ մարդն է, վստահ է Bloomberg-ը։
Պարբերականը Մասկի կարողությունը 194.8 մլրդ դոլար է գնահատում, ինչը 9.5 մլրդով գերազանցում է 2017 թվականից ամենահարուստ մարդու տիտղոսը կրող Ջեֆ Բեզոսի (Amazon-ի ղեկավար) կարողությունը։
2020-ի տարեսկզբին Մասկի հարստությունը 27 մլրդ էր, ինչը հազիվ բավականացնում էր հարուստ մարդկանց թոփ-50 աղյուսակում վերջին տեղերը զբաղացնելու համար։ 2020-ի մարտից ի վեր նրա կարողությունն աճել է 150 մլրդ դոլարով՝ պայմանավորված հիմնականում Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ (720%-ով) և շարունակական արժևորմամբ: 2021-ի առաջին շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի գինն աճել է ևս 10%-ով։
Forbes ամսագրի գնահատմամբ, Մասկն, այնուամենայնիվ, դեռևս զիջում է առաջին տեղում գտնվող Բեզոսին. Մասկի կարողությունը ամսագիրը ոչ թե 194.8, այլ 175.2 մլրդ է գնահատում` մոտ 12 մլրդով պակաս, քան Բեզոսինը։ Երրորդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի մագնատ Բերնար Արնոյի կարողությունը Մասկի հարստությանը զիջում է 22 միլիարդով։
Ամենահարուստների մրցակցության վերացական միավորները պատկերացնելու համար կարելի է անցնել Մեթ Քորոսթոֆի ստեղծած մարաթոնը, որ Ջեֆ Բեզոսի միլիարդները տեղադրում է իրական կյանքի հնարավորությունների վրա և համեմատում շարքային ամերիկացիների կարողությունների, համաշխարհային առողջապահական և տնտեսական խնդիրների հրատապ լուծման համար անհրաժեշտ գումարների հետ․․