ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես»՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու, Ադրբեջանին հանձնել 7 շրջանները: Այս մասին Պոպովը հայտարարել է՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին:
«Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019թ. հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդորում, հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Առաջին փուլում Երևանի հետաքրքրություններն արտացոլող այլ տարրերից է` ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը: Այդ պատճառով` պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում», – Պոպովի խոսքերը մեջբերում է «Արմենպրեսը»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա, ըստ նրա, վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք պետք է ընդունելի լինի կողմերի համար:
«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ 2018թ. երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ», – հայտնել է Իգոր Պոպովը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին հրապարակված հոդվածում Փաշինյանը նշել էր. «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»: