Home / Բանակ / Կալաշ՝ 500 դոլարով․ ԱԱԾ-ն զենքի թաքստոց է հայտնաբերել

Կալաշ՝ 500 դոլարով․ ԱԱԾ-ն զենքի թաքստոց է հայտնաբերել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդել է, որ բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերող և պահող հանցավոր խումբ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020-ի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Ղարաբաղի դեմ սկսված պատերազմին, մի շարք մարդկանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ՝ իրացման նպատակով, որոնք Ղարաբաղից փոխադրել և պահել է Երևանում գտնվող իր բնակարանում։ Այնուհետև՝ 2020-ի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր մարդկանց հետ:

ԱԱԾ-ն նշել է, որ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և այլ իրեր, որոնց շրջանառությունն արգելված է:

Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից ևս հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Մասնավորապես, ըստ ծառայության, հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերված և Հայաստան ապօրինի տեղափոխված ընդհանուր թվով 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյան, 1 հատ փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, 1033 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր և այլն:

ԱԱԾ-ն հավելել է, որ շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված հնարավոր այլ զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպեսզի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք հանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: