Home / Հայաստան / Ավստրիացիները դեմ էին, բայց հայ և վրացի ընտանիքներին արտաքսեցին

Ավստրիացիները դեմ էին, բայց հայ և վրացի ընտանիքներին արտաքսեցին

Արտաքսում՝ Հոլոքոստի հիշատակի գիշերը

Հունվարի վերջերին Ավստրիայից դեպի Հայաստան և Վրաստան են վտարվել փախստական ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է «Euronews»-ը։

5 տարեկան վրացի երեխան և նրա 12-ամյա քույրը՝ Թինան, ծնվել և մեծացել են Ավստրիայում։ Ազգությամբ հայ 20-ամյա Սոնան Ավստրիայում էր ապրում 16 տարեկանից, սովորում էր համալսարանում։ Բոլոր երեխաները, ուսուցիչների և համադասարանցիների պնդմամբ, «լիովին ինտեգրված են Ավստրիայի հասարակությունում» և սահուն խոսում են գերմաներեն։

Հունվարի 26-ին երկրի ոստիկանությունը ներխուժել է ընտանիքների տներ, կես ժամ ժամանակ տվել հավաքվելու համար, ձերբակալել մարդկանց և տեղափոխել մայրաքաղաքի արվարձաններում գտնվող հատուկ բաժանմունք, որտեղ նրանք պետք է արտաքսմանն սպասեին։

Երեխաների համադասարանցիներն ու ուսուցիչները բողոքի ալիք են բարձրացրել, որն արագ տարածվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային մամուլում։ Երեխաների աջակցության ստորագրահավաքին միացել է ավելի քան 37 000 մարդ։

Հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 03։00-ին հատուկ հանդերձանքով, վահաններով և շներով «զինված» ոստիկանները ընտանիքներին տարել են Վիեննայի օդանավակայան։ Երեխաների համադասարանցիները, ուսուցիչները, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական և Կանաչների կուսակցությունների մի շարք պատգամավորներ նստացույց են կազմակերպել և աղբարկղերի ու սայլակների միջոցով բարիկադներ կառուցել փախստականներին տեղափոխող ոստիկանական շարասյան դիմաց։

«Մենք այստեղ ենք, որ պայքարենք Սոնայի համար․․․ Նա ամբողջապես ինտեգրվել է երկրին, բակալավրիատում է սովորում, դիպլոմային աշխատանքն է գրում․․  Սա արդար չէ», – նշել է Սոնայի դասընկերներից մեկը։

Ոստիկանությունը երկու ժամ անց բռնի ուժով ցրել է ցույցը՝ պատճառաբանելով, որ այն խախտում է երկրում առկա համավարակային սահմանափակումները։ Այսպիսով, մարդկանց արտաքսումը կանգնեցնել չի հաջողվել։

Ուշագրավ է, որ հունվարի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակի օր։

«Վիեննայի իշխանությունները Հոլոքոստի հիշատակի օրը նշեցին Ավստրիայում ծնված մի քանի երեխայի արտաքսման դեմ ընթացող ցուցարարների հետ բախումներով»,- «Twitter»-ի իր էջում գրել է «BBC»-ի լրագրող Ջոն Սիմփսոնը։

«Մնալու հումանիտար իրավունք»

Թինայի ընտանիքի՝ ապաստան ստանալու հայցը մերժվել էր Ավստրիայի բոլոր դատարաններում։ Երկրի ներքին գործերի նախարար, իշխող պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Կառլ Նեհամմերը պնդում է, որ ոստիկաններն օրենքի սահմաններում են գործել։

Ընտանիքի փաստաբանները, սակայն, պնդում են, որ հայցի մերժումն իրավապահ մարմիններին չի պարտավորեցնում վտարել երեխաներին։ Իրավաբանների խոսքով՝ Ավստրիան հնարավորություն է ունեցել երեխաներին երկրում թողնել«մնալու հումանիտար իրավունքի» սկզբունքի հիման վրա, քանի որ նրանք ամբողջապես ինտեգրված են եղել Ավստրիայի հասարակությանը և գերմաներեն են խոսում, այլ ոչ վրացերեն։ Այսպիսով՝ չնայած Ավստրիայի իշխանությունները պետք է առաջնորդվեին երեխաների լավագույն շահով, նրանք արտաքսման որոշում են կայացրել։

Նախարարությունը պատասխանել է, որ «միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ չեն քննարկվում» և «մարդիկ, որոնց ապաստանը մերժվել է, պետք է կարգավորված կերպով հայրենադարձվեն»:

Երկրի իշխող «Ավստրիական ժողովրդական կուսակցությունը» և դրա ղեկավար, վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտնի են միգրացիոն խիստ քաղաքականությամբ։ Նրանց հետ կոալիցիա կազմած ձախ կենտրոնամետ «Կանաչների կուսակցությունը», ի թիվս այլ հարցերի, հատկապես այս հարցում, քաղաքական հստակ տարաձայնություններ ունի իշխող կուսակցության հետ։

Կոալիցիան ստեղծվել էր Ավստրիայում 2019 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո։

Կանաչների շատ ներկայացուցիչներ դատապարտել են երեխաների արտաքսումը, և իշխանությունների այս քայլն անվանել «անմարդկային», սակայն մի շարք մեկնաբաններ պնդում են, որ Կանաչները կարող էին կանգնեցնել վտարումը, եթե ցանկանային։

Երկրի նախագահ Ալեքսանդր վան դե Բելենը նույնպես անդրադարձել է վտարմանը։

«Այսօր երեկոյան անչափահաս երեխաներ ունեցող մի քանի ընտանիքներ վտարվել են երկրից: Դա ինձ խորապես վշտացրել է: Ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ դա այս կերպով անելն անհրաժեշտություն է: Մենք միմյանց նկատմամբ մարդկային, արժանապատիվ վերաբերմունքի ճանապարհ պետք է գտնենք: Հատկապես, երբ երեխաներն ամենամեծ տուժողներն են», – նշել է նախագահը։

Արտաքսումից հետո ընտանիքների հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։