Home / Կրթություն / Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից

Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից

Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի բակում այսօր համընդհանուր հավաք էր՝ ուսանողների, դասախոսների և ասպիրանտների մասնակցությամբ։ Վերջին օրերին համալսարանի ադմինիստրացիան անխտիր բոլորին «համառորեն խորհուրդ էր տալիս» ներկայանալ այսօրվա միջոցառմանը։ Շուրջ հարյուր ուսանողներ որոշել էին խորհրդին հետևել։

Հավաքի նպատակը ռեկտոր Արմեն Դարբինյանին սատարելն էր։ Վերջինս փետրվարի 8-ին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ ԱԱԾ-ն իրեն ստիպում է հրաժարական ներկայացնել։

Համալսարանի մուտքի մոտ հավաքված դասախոսները, ուսխորհրդի անդամները, խոսել ցանկացող նախկին ու ներկա ուսանողները պնդում էին, որ ռեկտորի հրաժարականի պահանջը քաղաքական է և որ դա վտանգում է բուհի անկախությունը։

Epress.am-ի լրագրողը շրջեց հանրահավաքի մասնակիցների մեջ, նկարներ արեց, լսեց խոսակցությունները․

– Ընկեր Պետրոսյան, բա դուք խի՞ եք եկել։
– Մեր ռեկտորն ա, ի՞նչ անեի։
– Բուհն ա մերը, ռեկտորն ի՞նչ։
– Դե հանելուց գոնե մենք հանեինք։

***

Ուսանողուհին արձագանքում է ուսխորհրդի ներկայացուցիչների ելույթներին․
– Как мне надоели эти будущие депутаты. (Ոնց են զզվացրել այս ապագա պատգամավորները։)

***

– Ապե, եկա, կես ժամ կանգնեցի։ Պուտին ձյաձյային էսքանը հերի՞ք չի։ Գնամ էլի։

Բեմից․ – ՌԱՈՒ-ն ընտանիք է, որում մենք դաստիարակվել ենք, և այդ ընտանիքն ունի հայր` պարոն Դարբինյանը։

***

Մի ուսանող «РАУ» գրառմամբ հաց էր բերել․ – Վստահ եմ, որ այս հացը կմնա որպես հուշանվեր։

***

Հարթակից․ – Ես երկար չեմ խոսի, որովհետև պարոն Դարբինյանը մեզ սովորեցրել է, որ խոսելուց առավել կարևոր է գործելը։

***

– Որպես լրագրող և իրավաբան՝ ես հետևում եմ ներկայիս խայտառակ քաղաքական իրավիճակին, բայց չէի պատկերացնում, որ հետապնդումները կհասնեն մեր բուհին, որն արդեն հասել է միջազգային մրցակցային մակարդակի։

***

– Մենք՝ որպես այս բուհի ուսանողներ, չենք պատկերացնում մեր ապագան առանց Դարբինյանի։

– Բոլորն էլ կփաստեն, որ բուհերը պետք է ինքնավարություն և ազատություն ունենան։ Մենք պնդում ենք, որ մեր բուհի անկախությունը կապված է պարոն Դարբինյանի անձի հետ, և նրա նկատմամբ հետապնդումը հետապնդում է մեր բոլորի նկատմամբ։

***

– Մեր համալսարանը հայտնի է իր բացառիկ ակադեմիական ազատությամբ։ Ազատ համալսարանի ազատ ռեկտորի նկատմամբ հետապնդումը քաղաքական լուրջ քայլ է։

***

Ուսխորհրդի անդամը հայտարարեց, որ իրենց ժամանակ է պետք՝ առաջարկների և բողոքների մասին հստակ հայտարարություն պատրաստելու համար։ Գնացին հայտարարությունը գրելու։ Մի քանի րոպե անց վերադարձան, ասացին՝ պատրաստ է՝ երկու լեզվով։

***

Դարբինյանը չերևաց, բոլորը խոսում էին, որ Մոսկվա է գնացել։

Tekali Taxi