Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր․ պատերազմին մասնակցած և Ղարաբաղում ծառայությունը շարունակող ժամկետայինների ծնողները պահանջում էին իրենց որդիներին ուղարկել Հայաստան՝ բուժվելու և վերականգնվելու։
— Մեր երեխեքը թուրքի բերան են եղել։ Մենք չենք ասել՝ փախեք, ասել ենք կռվեք։ Բայց էսօր չես հասկանա՝ կառավարությունը խրախուսո՞ւմ է մեր երեխեքին, թե՞ պատժում։ Իրանք մեղավո՞ր են, որ ողջ են մնացել։
— Էդքան պայմանագրային զինծառայողներ կան, թող տանեն։ Երեխեքը գոնե ժամանակավոր գան տուն։
— Աչքների առաջ էդքան բան ա կատարվել, էդքան երեխեք են կոտորվել։ Եթե մենք, որ ուղղակի լսել ենք, չենք կարողանում ապրել, բա իրենք, որ տեսել են, ոնց են հիմա ապրում։
— Էսքան ժամանակ ոչ սովից են բողոքել, ոչ ծարավից։ Օրերով սոված են մնացել, բայց մի օր չեն դժգոհել, չեն թողել՝ հետ եկել։ Թող բոլորը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ դիմադիրները, և՛ կաբինետներում նստած մյուսները, հարգեն մեր երեխեքին։ Ուրիշ բան չենք ուզում։ Թող հարգեն, բերեն Հայաստան, թույլ տան բուժվել, վերականգնվելու ժամանակ տան։
— Ոչ ոք չի ասում՝ գան ու էլ չգնան։ Մենք չուզենանք էլ՝ իրանք մեկ ա գնալու են։ Եթե բոլորին չուղարկեն, առանձին-առանձին չեն էլ գա։ Անհատական ոչ ոք էնտեղից չի գա։ Մենք էլ անհատական չենք ուզում։ Բոլորը միասին են էնտեղ։ Իրանց ընկերներին ո՞նց թողնեն ու գան։
— Հիմա մեր երեխեքը մնացել են էնտեղ էլիտար գերու կարգավիճակում։
Ազատության հրապարակում նույն ժամին Վազգեն Մանուկյանի (հանրա)հավաքն էր․ ծնողները ցույցի մասին նախորոք չէին հայտարարել, լրագրողները տեղում չկային։
Կառավարությունից նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ։