Վանդակը բացվել է, դուրս եկեք
Մտորումներ՝ Ադրբեջանում և Հայաստանում տեղաշարժման ազատության իրավունքի ապահովմանը խանգարող մի քանի փաստարկի վերաբերյալ
Ասում են՝ «Վաղ թե ուշ սահմանը կբացեն, իշխանություններն իրենք դրան կգան»
Մեր իշխանությունները և հակամարտության գոտու դիտորդներն ու անվտանգության երաշխավորները (Ալիևն ու Փաշինյանը, Պուտինն ու Էրդողանը) չեն ներառել այս խնդիրն իրենց օրակարգում։ «Տարածաշրջանի ապաշրջափակման» վերաբերյալ նրանց հռետորաբանությունը պոպուլիստական բնույթ է կրում, և ենթարկվում «հավերժական թշնամության» գերիշխող տրամաբանությանը։ Ապաշրջափակումն այս փուլում հակառակ իմաստ է ձեռք բերում․ խոսքը տարանցիկ միջանցքների մասին է, որոնք առաջին հերթին պետք է ապահովեն բեռների վերահսկվող փոխադրումը։ Քաղաքացիական մակարդակում, հակամարտության տրանսֆորմացիայի անհրաժեշտության մակարդակում, միջանցքները ոչ թե ժողովուրդների շփման, այլ մեկուսացման խորհրդանիշ են։ Իշխանությունը պատրաստ չէ հիմա իր կյանքը բարդացնել՝ քաղաքացիների իրավունքներն ապահովելով, նա բազմաթիվ արդարացումներ ունի։ Սակայն ես կտրուկ հակասություն չեմ տեսնում իշխանությունների քաղաքականության և փոխադարձ այցելությունների օրինական ընթացակարգի ապահովման պահանջի միջև։
Ասում են՝ «Մեր հասարակությունները պատրաստ չեն, ժողովրդին պատրաստել է պետք»
Համարվում է, որ հաշտեցմանն ուղղված տարատեսակ նախագծեր է պետք անել, մասնագետների պատրաստել, հարցումներ, դասընթացներ անցկացնել՝ երրորդ երկրներում կամ սեփական երկրում աշխատելով։ Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում են ոչ միայն կրթական համակարգի բարեփոխումները, տեղեկատվական քաղաքականության, գաղափարախոսության փոփոխությունը, այլ նաև մեր երկրների ամբողջական ժողովրդավարացումը։ Պրագմատիկ լեզվով ասած՝ սա նշանակում է, որ բոլոր մարդկանց առաջարկվում է օգտագործել միայն այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վերևից են իջեցվում։ Մեզ թույլ կտան նախագծեր իրականացնել՝ կիրականացնենք, և մենք անգամ պատրաստ ենք պայքարել (թույլատրելիի սահմաններում) մեր նախագծերի իրականացման համար։ Այս կերպ էին գործում բոլոր իրավապաշտպան և խաղաղաշինական կազմակերպությունները 30 տարի շարունակ։ Նման մոտեցումը տեղին է օտարերկրյա ՀԿ-ների և հիմնադրամների համար։ Բայց ժամանակն է, որ նրանք, ովքեր ապրում և աշխատում են երկրում, վերջապես լրջորեն զբաղվեն իրենց պաշտպանությամբ։ Եթե ակտիվիստը, մարզիչը, իրավապաշտպանը, լրագրողը ինքը պաշտպանված չէ, ինչպե՞ս կարող է նա առհասարակ որևէ մեկին պաշտպանել։
Սահմանների բացումը լեգալիզացնում՝ օրինական է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների շփումները։ Ե՛վ առաջ, և՛ հիմա, և՛ ապագայում իշխանությունները մտադիր են «պատվիրել» խաղաղաշինություն և արգելք դնել բոլոր շփումների վրա՝ իրենց պահանջմունքներից ելնելով։ Նրանք այդպես են վարվել և այդպես են վարվելու՝ անաղմուկ, անօրինական մեթոդներ կիրառելով։ Այսօրինակ կամայականությունը նպաստում է հակամարտության խորացմանը։
Այն, ինչ արվում էր «գրանտային» նախագծերի ոլորտում՝ արևմտյան հիմնադրամների և/կամ սեփական կառավարության հետ համագործակցությամբ, աշխատում էր այնպես, ինչպես հոգեբուժարանի մասին սովետական անեկդոտում։ Հայերին ու ադրբեջանցիներին լողավազանում էին պահում առանց ջրի։ Նախ լողալ սովորեք, հետո ջուր կլցնենք։ Եվ դա շարունակվելու է։
Հայերի և ադրբեջանցիների շփումները, համագործակցությունն ու համերաշխությունը հնարավոր են միայն այն պայմաններում, երբ պետությունն իրենց անվտանգությունն ապահովի, այլ ոչ թե սահմանափակի իրենց ազատ հաղորդակցությունը։ Սահմանների բացումը հասարակությունների բացվելու առաջին քայլն է, ոչ թե վերջինը։ Գործընկերներ, կոչ եմ անում չկրկնել մեր փորձը, դրանում որևէ լավ բան չկա։
Ասում են՝ «Հիմա վտանգավոր է սահման բացելը, դա հող կնախապատրաստի սադրանքների և անգամ ահաբեկչական գործողությունների համար»։
Այս հակափաստարկը ձևակերպվում է «սովորական» մարդկանց կողմից, մասնագետները խուսափում են սեփական վախերի մասին ուղիղ խոսակցություններից։ Ես կարող էի ասել, որ նման վտանգ կա ցանկացած հայի և ցանկացած ադրբեջանցու դեպքում, անկախ նրանից՝ որտեղ է նա հիմա գտնվում։ Ես կարող էի որպես օրինակ բերել բոլորովին վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեր օտարերկրյա «ազգակիցների» մասնակցությամբ, ովքեր ծեծով ու վանդալիզմով էին զբաղվում՝ «էթնիկ առճակատման» հողի վրա։ Ես կարող էի ասել, որ հասարակական կարգն ապահովելն ու ցանկացած հանցագործություն կանխարգելելն իշխանությունների գործն է։
Սակայն ես պարզապես կհարցնեմ՝ ձեր ծանոթների մեջ կա՞ մեկը, ով կգնա դրան։ Ոչ թե խոսքով, այլ գործով։ Եվ ինչպե՞ս եք դուք չափում բռնության հավանականությունն էթնիկ թշնամանքի հողի վրա։ Եվ ինչպե՞ս եք չափելու այդ հավանականությունը։ Ինչպե՞ս եք գնահատելու ձեր հայրենակիցների ագրեսիվությունը 5, 30, 100 տարի անց։
Ասում են՝ «Քանի դեռ տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սահմանների բացումն անհնար է»։
Ես ամենակարևորը վերջի համարի համար եմ թողել։ Իրենց հարգող քաղաքագետները, կոնֆլիկտոլոգներն ու իրավապաշտպանները խուսափում են իրենց անունից նման ձևակերպում տալ։ Նրանք ասում են, որ դա իշխանությունների դիրքորոշումն է։ Նրանք գիտեն, որ դա իրավական ձևակերպում չէ, այլ քարոզչական կլիշե։ Հերթական անգամ մարդու իրավունքների ապահովումը կախվածության մեջ է դրվում բանակցությունների արդյունքից, որոնցում ներգրավված են բազմաթիվ շահեր և բազմաթիվ խաղացողներ։ Այո, դա այդպես է, մեր իրավունքներով ու ազատություններով առևտուր են անում բոլորը, բացի մեզնից։
Նկարագրեմ, թե ինչպես եմ տեսնում այսօրվա իրավիճակը։ Ադրբեջանի հասարակության հաղթական խումհարը և Հայաստանի հասարականության պարտությամբ պայմանավորված տենդն իրենց զգացնել են տալիս։ Սթափեցումն այս կամ այն մակարդակում ցավ է պատճառում։ Աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ ոչինչ չի ավարտվել։ Մաքուր էջից սկսելու տարբերակ չկա ոչ ոքի՝ ոչ բազեների, ոչ աղավնիների համար։
Ռազմական գործողություններն են կանգնեցվել՝ նոր արյունահեղությունների հեռանկարով։ Մեր լոկալ արյունը, մեր զոհերը, մեր վախերը մանրադրամ են դառնում ժամանակակից հիբրիդային պատերազմում։ Այս պատերազմում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը խաղացողներ չեն հանդիսանում։ Մեր տարածաշրջանում պատերազմը կամ խաղաղությունը ոչ ոքի չեն հետաքրքրում՝ մեզանից բացի։ Հերթական կամավոր մեկուսացումը մեզ ամեն կերպ սահմանափակելու է։ Մեկուսացումը թույլ կտա Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված թողնել։ Մենք շարունակելու ենք զորանոցում ապրել։
Ես երկար տարիներ եմ գտնվում մշտական ճնշման տակ, այդ պատճառով անմիջապես զգում եմ, երբ այն թուլանում է։ Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո քաղաքացիական դիրքորոշում ունեցող յուրաքանչյուր մարդու առաջ բացվեց իր վանդակի դուռը։ Անսպասելիորեն բացվեց դուռն այն վանդակի, որում բանտարկված էինք եղել Ղարաբաղյան հակամարտությամբ․ կարելի է մտածել, ասել և անգամ անել այն, ինչ առաջ չէր կարելի։ Սակայն մենք չենք շտապում դուրս գալ վանդակից։ Դուրս են գալիս միայն նրանք, ովքեր կորցնելու բան չունեն։ Ծնողները, ում երեխաներն անհետացել են պատերազմի ժամանակ, հենց հիմա իրենց պահանջներն են ներկայացնում Հայաստանի իշխանություններին։
Վանդակում փակված մարդը չի կարող երկխոսություն ունենալ իշխանության հետ։ Վանդակը պատերազմի պատճառով է բացվել, բայց մենք գիտենք, որ այն շուտով կփակվի։ Այդ պատճառով պետք է առավելագույնս օգտագործել ժամանակը։
Ազդեցության միակ գործիքը իրավապաշտպանական նախաձեռնությունների առաջ գալն է։ Նրանք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նկարագրել են, թե ինչ են իրենք անելու։ Մենք չենք կարող փոխարինել ոչ դիվանագետներին, ոչ զինվորականներին, ոչ պաշտոնյաներին, ոչ խաղաղապահներին, ովքեր հակամարտության գոտում հումանիտար խնդիրներով են զբաղվում։ Սակայն մենք կարող ենք նվաճել ազդեցության նոր գոտի։
Տեղաշարժման ազատության պահանջը տակտիկական քայլ է, որը թույլ կտա քաղաքացիներին առաջ գնալ այլ իրավունքների և ազատությունների ապահովման հարցում։ Տեղաշարժման ազատության իրագործումը տակտիկական քայլ է, որը կնպաստի Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությանը՝ հակամարտության վերջնական լուծման և դրա բոլոր հետևանքների չեզոքացման նպատակով։
Ես խնդրում եմ ձեզ արագացնել սթափեցման գործընթացը, ինչ-որ նոր բան անել կամ ընթացիկ գործերը վերանայել։ Գուցե դուք ինձ հուշեք՝ ի՞նչ և ինչպե՞ս է պետք անել փոխադարձ այցերի օրինական ընթացակարգի գաղափարն իրագործելու համար։ Գուցե դուք ինքներդ ինձ ինչ-որ նոր բան առաջարկեք։
Գեորգի Վանյան