Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվում է Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, դաշնակցական Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին` երևանյան Պապլավոկի («Առագաստ» սրճարան) զուգարանում՝ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ, Ռոբ» ասելուց հետո։
Սպանության մեջ, ինչպեսև 20 տարի առաջ, մեղադրվում է Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ 2002-ին դատարանը նրա գործողությունները որակել էր որպես «հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն» և դատապարտել նրան 2 տարվա պայմանական ազատազրկման։ Հարությունյանը պատժից «պայմանականորեն» ազատվել էր՝ առանց անազատության մեջ գեթ մեկ օր անցկացնելու։
Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
Շապիկի լուսանկարը՝ «Հակահարված» արտ-խմբի ակցիայից, 2014 թ․