Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել 56-ամյա չմշկասահորդուհի, հեծանվորդուհի, նախարար Սեիկո Հաշիմոտոն։
Նախորդ նախագահը՝ 83-ամյա Յոշիրո Մորին, բոլորովին վերջերս, կանանաց «չափազանց շատախոս» անվանելուց հետո, ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Մորին հայտարարել էր, որ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեում կանանց թիվն (5 կին 24 տղամարդ) ավելացնելու կարիք չկա, հակառակ դեպքում՝ անհրաժեշտություն կառաջանա սահմանափակել ելույթների ժամանակը, «որովհետև կանայք ի վիճակի չեն իրենց միտքն ավարտել, և դա նյարդայնացնում է»։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել․․․ և հոժարակամ լքել պաշտոնը։
Յոշիրո Մորին, ի դեպ, 2000-2001 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը։ Մեկ տարի անց ստիպված է եղել հրաժարական ներկայացնել (կրկին անփույթ և խնդրահարույց հայտարարությունների պատճառով)։
Յոշիրո Մորին
Մորիի հրաժարականից հետո խոսակցությունները, որ ստեղծված իրավիճակում առավել կարևոր կլինի, որ նրան փոխարինի կին թեկնածու, հնչում էին ամենուրեք: Պարզվեց, սակայն, որ այդ պաշտոնին հավակնում է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար՝ 84-ամյա Սաբուրո Կավաբուչին։ Վերջինիս սեռը և տարիքը պահպանողականներից բացի ոչ ոքին չէին գոհացրել։
Հավելյալ զայրույթ էր առաջացրել նաև այն, որ իր հետնորդին ընտրելու շռայլությունը շնոհվել էր Մորիին, ով այս օրերին ավելի հայտնի է որպես կնատյաց, քան որպես, օրինակ, կազմկոմի նախկին նախագահ: Նախորդ շաբաթ Սեիկո Հաշիմոտոն, ով դեռևս զբաղեցնում էր Օլիպիական խաղերի գծով նախարարի պաշտոնը, միջամտեց՝ պահանջելով ապահովել Խաղերի կազմկոմիտեի ղեկավարի ընտրության թափանցիկությունը: Արդյունքում կոմիտեն նախագահելու դերը առաջարկվեց հենց իրեն։
Սեիկո Հաշիմոտոն
Հաշիմոտոյի հակառակորդները անմիջապես հիշեցին նրա անվան հետ կապվող զավեշտալի սկանդալը․ 2014-ին ճապոնական լրատվամիջոցները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում էր, ինչպես է նախկին նախարարը համբուրվում գեղասահորդ Դայսուկե Տակահաշի հետ: Հանրային դժգոհությունները պայմանավորված էին մեծամասամբ նրանց տարիքային տարբերությամբ (49-ամյա կին նախարարի և 28-ամյա սպորտսմենի կապը այդքան էլ դուր չէր եկել աշխարհիկ լրահոսին), կային, ճիշտ է, նաև պաշտոնի չարաշահման հետ կապված մտահոգություններ։ Հաշիմոտոն այն ժամանակ հայտարարել էր, որ զղջում է իր պահվածքի համար, իսկ Տակահաշին, որ կատարվածը սեռական ոտնձգության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապ չունի: Վաղուց մարած կոմպրոմատն այժմ հանվել է պահոցից, ինչը, ճիշտ է, ոչ ոքին առանձնապես չի կաշկանդել։
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն արդեն ողջունել է Սեիկո Հաշիմոտոյի նշանակումը։ Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ նրա թեկնածությունն «իդեալական ընտրություն» է, իսկ իր քաղաքական փորձը «կնպաստի Խաղերի՝ անվտանգ ու հաջողված լինելուն»։
Փետրվարի 18-ին Հաշիմոտոն հայտարարել է, որ կազմկոմիտեի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո հրաժարական է տվել Օլիմպիադայի գծով նախարարի պաշտոնից։ Ասուլիսի ընթացքում նա նշել է նաև, որ երազում է, որ այս խաղերի ժառանգությունը դառնա մի հասարակություն, որն ընդունում է բոլորին՝ անկախ սեռից, ֆիզիկական առանձնահատկություններից, ռասայից կամ սեռական կողմնորոշումից։
Նշենք, որ «օլիմպիական» նախարար լինելուց բացի՝ Հաշիմոտոն զբաղեցրել է նաև Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գծով նախարարի պաշտոնը։ 2000 թվականին նա դարձել է Ճապոնիայի առաջին քաղաքական գործիչը, ով առանց պաշտոնը լքելու դեկրետային արձակուրդ է վերցրել։
Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու են հուլիսի 23-ին։ Դրանք դեռ անցյալ տարի պետք է տեղի ունենային, բայց, ինչպես և շատ այլ սպորտային ու մշակութային իրադարձություններ, հետաձգվել են Covid-19 համավարակի պատճառով։