Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի մենեջեր Մհեր Ավագյանին առնչվող քրեական գործից:
Վերջիններս երեկ երեկոյան բերման էին ենթարկվել ԱԱԾ և ձերբակալվել։ Մինչ այդ ուժային կառույցը խուզարկություններ էր իրականացրել նրանց աշխատասենյակներում և բնակարաններում։
Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության` Արա Սաղաթելյանը ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կարեն Բեքարյանին, վարորդին՝ Մհեր Ավագյանին, Ա.Ս.-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց: Դրանից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, ըստ ԱԱԾ-ի, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» կեղծ էջ, ապահովել են էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով Կառավարության՝ ռազմական դրություն հաստատելու մասին որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից նրանք, ըստ ԱԱԾ-ի, կատարել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի և Արցախի պաշտպանունակությունը և զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին, գրել է ԱԱԾ-ն։
Բացի այդ, նշվում է, որ Սաղաթելյանը Բեքարյանի, Ավագյանի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, Ֆեյսբուքում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, «պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա»:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (226-րդ, 226․2-րդ, 307․4- րդ) հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Բեքարյանը, Սաղաթելյանը և Ավագյանը իրենց վերագրվող հանցանքները չեն ընդունում։