Հայաստանն այս տարի «Եվրատեսիլին» չի մասնակցի, հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ։
Եվրոպական Հեռարձակողների միությունը ևս հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլի, ասված է․
«Մենք հասկանում ենք [Հայաստանի] մասնակցությունից հրաժարվելու պատճառները և Ռոտերդամում կզգանք նրանց քրտնաջան և պրոֆեսիոնալ պատվիրակության պակասը։ Մեծ հույսերով սպասում ենք Հայաստանի վերադարձին՝ 2022 թվականին»։
Հատկանշական է, որ ԵՀՄ հայտարարության մեջ տուգանքի մասին խոսք չկա։ 2012 թվականին Հայաստանը պարտավորվել էր տուգանք վճարել, քանի որ սահմանված ժամկետից ուշ էր հայտարարել մասնակցությունից հրաժարվելու մասին։ Մրցույթն այդ տարի պետք է տեղի ունենար Բաքվում։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլն այս տարի տեղի կունենա Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում՝ 2019 թվականի մրցույթում հոլանդացի Դունքան Լորենսի հաղթանակից հետո։ Մրցույթը Ռոտերդամում պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանն անցյալ տարի պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ Chains on You երգով։