2013 թվականին Հայաստանի Ձայնը նախագծում հաղթած Մաշա Մնջոյանը, ով ներկայումս Ավստրալիայում է սովորում, այդ երկրի The Voice-ի մասնակիցն է։ Կույր լսումների ժամանակ նա ընտրել էր Քելլի Ռոուլենդի թիմը, որը, սակայն, երկրորդ փուլում նախապատվությունը տվեց Մնջոյանի մրցակցին։
Երգուչուն իր թիմում ընդգրկելու հնարավորություն ուներ ժյուրիի անդամ, բրիտանացի երգիչ Բոյ Ջորջը՝ «միակ գեյը, ում հայերը սիրում են արդեն», ինչպես Youtube-ում տեղադրված տեսանյութի տակ գրել է օգտատերերից մեկը։
Անգլալեզու և հայալեզու մեկնաբանությունների մեծ մասը տարակուսած էր Ռոուլենդի ընտրությամբ և հիացած՝ Բոյ Ջորջի մարտավարությամբ․ նա վերջինն էր ժյուրիի կազմում, ով մասնակիցներից մեկին փրկելու հնարավորություն ուներ, և, ըստ օգտատերերի, այս տարի նախագծում հաղթելու լուրջ շանսեր ստացավ։
Հիշեցի Եվրատեսիլ-2014 երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին, ով այդ տարվա Ավստրիայի ներկայացուցիչ և մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստի հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան ասել էր, որ բարդ է լինելու․ «Նոր հասկացա, որ այդուհանդերձ նրա հետ նույն բեմում ենք գտնվելու, քանի որ Եվրատեսիլի շրջանակներում բոլոր մասնակիցներով պետք է համատեղ մեկ երգ կատարենք: Իսկ ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա «կոմայգու» մոտով անցնելիս ես արագացնում եմ իմ մեքենայի ընթացքը։ Այս դեպքում պետք է մի կերպ համակերպվել»։
Իսկ արդեն տեղում՝ Կոպենհագենում, բարձրացված աղմուկից, իր հասցեին հնչած քննադատությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը մոտեցել էր Վուրստին, ասել, թե թյուրիմացություն էր տեղի ունեցել և վերջինիս հետ գրկախառնվելու թույլտվություն խնդրել։
Մոտեցումների ու, առհասարակ, օրակարգերի տարբերությունը երկրի ներսում ու երկրից դուրս միշտ է զգացվում [նույնիսկ պետական մակարդակում․ լինելով երկրի ղեկավար և միջազգային ամբիոններից ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանը խոսում էր հարևանների ագրեսիայի և մարդու իրավունքների մասին՝ Հայոց Ցեղասպանության համատեքստում, սակայն Հայաստանում իր կողմից ներկայացվող ռեժիմը մարդու իրավունքների հիմնական ոտնահարողն էր]․ կարծես, այն, ինչ մեզ համար նորմալ և ճիշտ է, երբ «մենք մերոնցով» չենք ու գործ ունենք արտաքին աշխարհի հետ, չպետք է նշանակություն ունենա ներքին լսարանի հետ հարաբերվելիս։ Իբր ներսում պետք է մարդկային շփմանը վերաբերող այլ կանոններ գործեն, որոնք ո՛չ տաղանդի, ո՛չ բնավորության, ո՛չ էլ, այսպես ասած, մարդու մարդ լինելու մասին են։
Բոյ Ջորջի արտաքինը կամ կարիերան ու անձնական կյանքը կարևոր չեն՝ Ավստրալիայում հայաստանցի երգչուհու հաջողության ֆոնին։
Եթե այդ ամենը Հայաստանում տեղի ունենար, իսկ Բոյ Ջորջը լիներ հայաստանյան ժյուրիի կազմում, էլ չասեմ՝ հայաստանցի կամ հայ, նրա տաղանդը, կարիերան և ընտրությունը, տվյալ դեպքում՝ կատարված Մնջոյանի օգտին, նրա կողմից հնչեցված գովասանքի խոսքերը կխամրեին իր արտաքինին ու անձնական կյանքին վերաբերող մեկնաբանությունների ֆոնին։
Չնայած, հնարավոր է, որ եթե հայ լինելով հանդերձ, նա չապրեր Հայաստանում, բայց համաշխարհային ճանաչում վայելեր, մեկնաբանությունների հեղինակների մի մասը նրան մեծահոգաբար կներեր։
Ալլա Մանվելյան