Քննարկելու հարց է՝ արժե՞ր արդյոք ազգային ցավը շոուի առարկա դարձնել։ Անդրադառնալով մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Don't deny» (Մի ժխտիր) երգին, որը Հայաստանի կողմից ներկայացվելու է Եվրատեսիլ-2015 մրցույթին, այս հարցն է բարձրացնում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ռուզան Ավետիսյանը «Բեյբի, ոնց որ ասում են, ջոն ջինայ» հոդվածում (երգի ընթացքում «դոնթ դինայ» արտահայտության արտասանությունն ընկալվում է որպես ջոն ջինայ֊ խմբ․)։
«Անձամբ ես կարծում եմ՝ չարժեր՝ հատկապես, եթե կա մրցույթ և հնարավոր է, որ երգը բարձր միավորներ չհավաքի։ Ոչինչ չեմ ասի երաժշտության որակի մասին, այն կարող էր և ավելի լավը լինել, բայց գիտենք, որ մենք ավելի վատ էլ կարող ենք, «Բում, չական» ու «Lonely planet»-ը վկա (նախորդ տարիներին Հայաստանի մասնակիցների երգերը֊խմբ․)։ Խայտառակություն է երգի մեջ, տարազներով նստած տատիկների ֆոնին հնչող «բեյբի»-ն, որը ոչ մի կերպ չի հաշտվում երգի բովանդակային իմաստին։ Եվ վերջինը՝ ո՞վ է որոշել, որ Ինգա Արշակյանը պիտի գնա, ինքը ախր, հիշում եք՝ հիվանդներից զզվում էր, Եվրատեսիլին էլ այս տարի թարսի նման Լեհաստանից սահմանափակ հնարավորություններով աղջիկ է մասնակցելու, իսկ Ֆինլանդիայից ընդհանրապես՝ փանք խումբ, որի չորս անդամներն էլ Դաունի սինդրոմ ունեն», – նշում է հոդվածագիրը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհի Ինգա Արշակյանը՝ մեկնաբանելով ավստրիացի մասնակցի՝ Կոնչիտա Վուրստի Եվրատեսիլ-2014 հաղթանակը, նշել է, որ «ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները»․ «Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել և այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսևորումների հանդեպ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում